Պայթյուն Բելգիայում․ տուժածներ չկան

Բելգիա - Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Բրյուսելում, արխիվ

Ժամեր առաջ Բրյուսելի քրեագիտական ինստիտուտում ռումբ է պայթել, զոհեր կամ վիրավորներ չկան:

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղական ժամանակով ժամը 2:30-ի սահմաններում մի ավտոմեքենա ճեղքել անցել է եռակի ցանկապատը, և «մեկ կամ մի քանի» կասկածյալներ պայթեցրել են ռումբը լաբորատորիաների մոտ: Պայթյունը, ըստ նույն աղբյուրների, «նշանակալի» վնաս է պատճառել: Առայժմ չի հաղորդվում, թե ինչ է պատահել կասկածյալի կամ կասկածյալների հետ:

Բելգիայի արդարադատության դաշնային կառույցին առընթեր ինստիտուտը տեղակայված է Բրյուսելի Նեդեր-Օվեր-Հեմբեկ արվարձանում:

Հիշեցնենք, այս տարվա մարտին Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում ռմբահարումների հետևանքով 32 մարդ է զոհվել, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: