Երևանի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:
Հղում անելով վերջինիս փաստաբան Կարեն Ներսեսյանին` ռուսաստանյան գործակալությունը նշում է, որ Միրոնովը ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով:
Փաստաբանը հայտարարել է, որ 30-ամյա Միրոնովը, ով ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է, կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու: Նա այժմ գտնվում է կալանավայրում և սպասում է դատարանի որոշմանը` ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ:
«Մենք դեռևս չգիտենք, թե նրան ինչում են մեղադրում: Բերման ենթարկելիս հայտարարել են, որ նրան որոնում են ԱՄՆ իշխանությունները` 50 հազար դոլարի հասնող փողերի լվացման և ինչ-որ տեխնոլոգիաների փոխանցման համար», - պատմել է փաստաբանը, նշելով, որ Միրոնովը ԱՄՆ-ում եղել է մեկ անգամ` 2013 թվականին, որևէ ռազմական տեխնոլոգիայի չի տիրապետում: