Իշխող Հանրապետականը մտադիր է շարունակել բանակցությունները ընդդիմության հետ՝ Ընտրական օրենսգրի շուրջ աշնանը նոր համաձայնության հասնելու նպատակով: Երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հատկանշական է, որ Հանրապետականը նման հայտարարություն է անում անմիջապես այն բանի հետո, երբ կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներն անկնկալ կերպով հայտնեցին, թե մատնահետքերով վերահսկման մեխանիզմները տեխնիկական պատճառներով հավանաբար կյանքի չեն կոչվի:
«Միգուցե աշնանային նստաշրջանի ընթացքում ևս մեկ անգամ Ընտրական օրենսգրքում լինեն որոշակի փոփոխություններ, եթե, բնականաբար, այլ քաղաքական ուժերի հետ էլի գանք ընդհանուր հայտարարի: Ես չեմ բացառում, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ մենք կունենանք որոշակի առաջարկություններ»,- ասաց ՀՀԿ խոսնակը։ Հարցին՝ կլիե»ն նոր պայմանավորվածություներ, նա արձագանքեց․ «Կտեսնենք»:
Եթե, ինչպես պնդում են հանրապետականները, տեխնիկական խնդիրների պատճառով տասը մատնահետքերի ներբեռնումն ապահովող սարքավորումների տեղադրումը ընտրատեղամասերում չեղարկվի, արդյո՞ք ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ են ընթանալու ընտրացուցակների հրապարակման շուրջ, թե՞ այլ առաջարկություններ են լինելու: Ի պատասխան «Ազատոթւյան» այս հարցին, Շարմազանովը նշեց՝
«Բանակցությունները նոր պետք է վերսկսվեն կամ դեռևս չեն ավարտվել: Կոռեկտ չի՝ ես հիմա գործադիր մարմնի նիստում հրապարակեմ մեր մոտեցումները, որովհետև մեր մոտեցումները կարող են նաև փոփոխվել, մեր գործընկերների մոտեցումները կարող են փոփոխություն կրել: Այդ ամեն ինչը բանակցությունների առարկա է: Ինչ վերաբերում է մատնահետքերին, ապա, նշեցի, որ մատնահետքերի խնդիրը դուրս է գալիս հիմնականում (տասը մատնահետքերի) ոչ մեր մեղքով, այլ զուտ տեխնիկապես դա հնարավոր չէ, և այստեղ իշխանությունը որևէ խնդիր չի տեսնում»:
Հարցին՝ ինչու՞ տեխնիկապես հնարավոր չէ՝ Շաչմազանովը պատասխանեց՝ «Երբ որ ժամանակը գա, արդեն կիմանաք: Հիմա ես չեմ այն մարդը, որ պետք է մասնավորեցնի: Ասացի՝ տեխնիկապես հանարավոր չէ․․․ էդ ժամկետների առումով: Իսկ ինչ վերաբերում է նոր պայմանվորվածություններին որոշակի դրույթների վերաբերյալ, ապա քննարկումները կլինեն, կտեսնենք, որովհետեև դեռևս պրոցեսը ավարտված չէ: Չենք բացառում, որ աշնանային նստաշրջանում Ընտրական օրենսգրքի որոշակի դրույթներ կա՛մ կավելացվեն, կա՛մ փոփոխություն կկրեն: Բնականաբար, էդ ամենը կլինի ոչ միայն իշխանության, այլ նաև, բնականաբար, մեր ընդդիմադիր գործընկերների հետ քննարկումների արդյունքում: Երբ որ կսկսվի աշնանային նստաշրջանը, էդ ժամանակ քննարկումները կշարունակվեն»:
«Ազատությունը» հետաքրքրվեց՝ նույն ուժերի հե՞տ եք բանակցելու: «Կտեսնենք: Մենք միշտ էլ բաց ենք բոլորի հետ քննարկման համար: Հայաստանի Հանրապետական կուսակացությունն ունի մեկ խնդիր՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պառլամենտական ընտրությունների որակը հնարավորինս թափանցիկ և վստահելի դարձնել, որպեսզի մեր հանրության մոտ ընտրությունից հետո անվստահություն չլինի ընտրության արդյունքների հետ կապված»,- պատասխանեց ՀՀԿ խոսնակը:
Նրա ամփոփմամբ, Հանրապետականը նախապատրաստվում է քաղաքական աշնանը՝ «այն կլինի շատ բուռն և հետաքրքիր»: