Կրճատումները Կրթության և գիտության նախարարությունում պայմանավորում են նախարարության վարած քաղաքականությամբ, այն է՝ ուսուցիչը պետք է աշխատի ամբողջ զբաղվածությամբ։
«Ոչ թե հատուկ հրահանգով է կազմակերպվում կրճատումները, այլ ուսուցիչների դասաժամերի ավելացումով: Այսինքն, եթե ուսուցիչը ունի մեկ դրույք, ապա նա ավելի խրախուսվում է և լավ է աշխատում», - փաստարկեց նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, տարիներ առաջ սխալ քաղաքականություն է վարվել, աշխատանքի են ընդունվել ուսուցիչներ, որոնք ընդամենը 3-4 ժամ են դասավանդել։ Բայց վերջին տարիների ընթացքում նախարարությունը մեծացրել է աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «Ազատությանը» տրամադրած տվյալների համաձայն, վերջին հինգ տարիների ընթացքում ուսուցիչների թիվը կրճատվել է 3115-ով։ Հայաստանում այժմ մոտ 36 հազար ուսուցիչ կա։2011-ից մինչև օրս փակվել է ավելի քան 7 հազար դասարան՝ հիմնականում մարզերում։
Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով, պատճառը աշակերտների թվի նվազումն է, ինչն իր հերթին փորձագետը պայմանավորում է արտագաղթով․ - «Աշակերտների թվի կրճատումը բերում է ուսուցիչների թվի կրճատման, բերում է շատ տգեղ երևույթների: Եթե ուսուցիչը պետք է կրճատվի, ապա մնում է էն մեկը, ով թիկունք ունի, ում համար զանգահարում են վերևից, ում պաշտպանում են»:
Ինչ վերաբերվում է կրթության ոլորտում վարվող քաղաքականությանը՝ Բախշյանը համամիտ է, որ ուսուցիչը պետք է դպրոցում աշխատի ամբողջ զբաղվածությամբ, սակայն նաև նկատում է, որ պետք է մշակվեն ծրագրեր, որպեսզի ոլորտի մասնագետները չլրացնեն գործազուրկների շարքերը․ - «Այս մարդիկ զրկվել են աշխատանքից, և չկա ոչ մի սոցիալական ծրագիր, որ իրենց կարողությունները մի այլ տեղ օգտագործվի»: