«Ժառանգությունը» կքննարկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը

Ընդդիմադիր գործիչներ Արմեն Մարտիրոսյանը (աջից), Անդիրաս Ղուկասյանը (կենտրոնում) և Դավիթ Սանասարյանը առաջնորդում են բողոքի երթը, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․

«Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա օրերին կքննարկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը։ Ավելի վաղ ընդդիմադիր ուժը հայտարարել էր, որ կուսակցության ղեկավար անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի կալանավորումից հետո չեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին, քանի որ ճնշումների են ենթարկվում։ Այսօր արդեն երեք գործիչներն էլ ազատության մեջ են։

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով հիմա ժամանակի հետ կապված խնդիրներ կան․ - «Փորձելու ենք, համենայնդեպս, որովհետև տեղեկանքներ վերցնելու, և այլ բազմաթիվ հարցեր կան, բայց կքննարկենք: Եթե հնարավորություն եղավ որևէ կերպ մասնակցելու, նաև կազմակերպչական բոլոր հարցերը հաշվի առնելով՝ կմասնակցենք, եթե ոչ՝ չենք մասնակցի»:

«Ժառանգության» կալանավորված վերջին անդամը՝ Հովսեփ Խուրշուդյանը երեկ ուշ երեկոյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ Հայաստանում արդարադատության չհասնելու դեպքում դիմելու է Եվրոպական դատարան։

«Բոլորը, ովքեր ակտիվ են, բոլորը, ում քաղաքական գործունեությունը իրենց հատկապես վնասում է, հատկապես իրենց անհանգստացնում է, և իրենք զգում են, որ կարող է դրանից իշխանություն կորցնեն, կամ ինչ-որ լուրջ խնդիրներ ունենան, իրենց համար վտանգ են ներկայացնում, և իրենք այլ ելք չեն գտնում, քան քաղաքական հակառակորդներին բերդեր նետելը: Դա փոքր և թույլ իշխանության, փոքր և թույլ մարդկանց փեշակ է՝ քաղաքական հակառակորդներին բերդերում փակել, մեկուսացնելը», - հայտարարեց Խուրշուդյանը:

Առաջին ատյանի դատարանը երեկ բավարարեց խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը և 1 միլիոն դրամ գրավ սահմանեց։ Գրավը մուծելուց հետո Խուրշուդյանի հարազատները և կուսակիցները երեկ ուշ երեկոյան հավաքվել էին քրեակատարողական հիմնարկի դռների մոտ՝ ընդդիմադիր գործչին դիմավորելու։

Խուրշուդյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Դրական գնահատելով դատարանի որոշումը՝ ընդդիմադիր գործիչը, այդուհանդերձ, պնդեց՝ բանտերում դեռ քաղաքական բանտարկյալներ կան և իշխանությունները պետք է պատասխան տան դրա համար։

«Անհեթեթ մեղադրանք էր՝ երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով, զրպարտություն էր ըստ էության, որ, իբր, տեսել են, որ ես, ընդ որում՝ հայրանունս էլ շեշտել են, նույնիսկ հայրանունս գիտեն, երկուսն էլ նույնաբովանդակ ցուցմունք են տվել՝ copy paste արած իրարից ցուցմունքները, ակնհայտ ուղղակի սարքել էին, էլի, կոպիտ ասած», - ընդգծեց նա: - «Ես կարծում եմ, պայքարը հիմա երկու ուղղությամբ պետք է գնա, նախ և առաջ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումն է, բոլորի, և մյուսն արդեն այն, ինչ որ քաղաքական օրակարգում կա՝ իշխանությունների հրաժարական․ ինչքան շուտ ազատվենք այս հանցագործներից, այնքան՝ լավ», - հայտարարեց Խուրշուդյանը:

Վաղը Վերաքննիչ դատարանում Խուրշուդյանը իր պաշտպանի հետ բողոքարկելու է իրեն ձերբակալելու, այնուհետև կալանավորելու որոշումները։

Այսօր արդեն 25-րդ օրն է՝ իր հացադուլն է շարունակում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը։ Նրա խափանման միջոցը երեկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց։ Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նույն հոդվածով մեղադրվող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է՝ Ղուկասյանից անհատական վրեժ են լուծում։

«Իրավական առումով որևէ հիմք չկար իրեն կալանքի տակ պահելու, առավել ևս որ ակնհայտ է, որ գործը շինծու է, անօրինական է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մարտիրոսյանը:

Երեկ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատությանը» հայտնել էր, որ հացադուլի մեջ գտնվող իր պաշտպանյալը իրեն թույլ է զգում։