Կառավարությունն աշխատում է հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ

Հայաստանի կառավարությունը արագացված տեմպով աշխատում է Մեղրիում հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը, միաժամանակ, դժվարացավ նշել, թե երբ կսկսի աշխատել գոտին:

«Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորումը հնարավորություն կտա, հատկապես սահմանային հատվածի վրա, ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման լավ հարթակ ստեղծել թե՛ Իրան - Եվրասիական տնտեսական միություն, և թե՛ նաև այստեղ արտադրված ապրանքը, օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ մենք ունենք Եվրոպայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի՝ որպես GSP համակարգի երկրներ, կարողանանք ավելի ընդլայնել թե՛ արտադրությունը, և թե՛ նաև արտահանումները», - ասաց նախարարը:

Օգոստոսի 12-ին Սոչիում ԵՏՄ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այդ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ, որը հնարավորություն կտա ԵՏՄ երկրների ու Իրանի գործարարներին ձեռնարկություններ հիմնել նշված գոտում և արտադրանքը արտահանել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկա:

«Այս համաձայնությունը ձեռք է բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկության հիման վրա: Հիմա մեր հիմնական խնդիրը օրենսդրական ապահովվածությունը ունենալն է: Դրա համար ներկայումս շրջանառության մեջ է դրված ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է և առաջիկայում ավելի կհստականան թե՛ ուղղությունները, և թե՛ նաև նպատակադրումները», - մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով, ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ շահագրգռված է նաև իրանական կողմը. - «Բնական է, որ եթե վարչապետը ձեռք է բերել պայմանավորվածություն Եվրասիական տնտեսական միությունում, նշանակում է՝ նախապես այդ համաձայնությունը եղել է նաև Իրանի հետ: Ես այս պահին դժվարանում եմ ժամկետ ասել, մենք առավելագույն արագությունն ենք ուզում հաղորդել, որովհետև այս գոտին լինելու է թե՛ արտադրության կազմակերպման, և թե՛ բարձրարժեք ծառայությունների մատուցման առումով, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են, նորարարական տեխնոլոգիաները, լուծումները և այլն»:

2011թ․-ից ի վեր հայ-իրանական առևտուրը շարունակ անկում է ապրում: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն, եթե 2012թ․-ին երկկողմ առևտրի ծավալը 327.9 միլիոն դոլար էր, 2015թ․-ին՝ 276.3 միլիոն կամ 15.7 տոկոսով պակաս: Հայ-իրանական առևտրի կրճատումը շարունակվում է նաև այս տարի: 2016թ․ առաջին վեց ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտուրը կրճատվել է 16.4 տոկոսով և կազմել 113.5 միլիոն դոլար:

Ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի, Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով, սակայն նշված թվերը վկայում են, որ գործադրված ջանքերը ճիշտ հակառակ արդյունք են տվել: Եղիազարյանը նկատեց՝ մինչ այժմ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ ազատ տնտեսական գոտիներ, սակայն դրանք էապես չեն ազդել երկրի տնտեսության զարգացման վրա:

«Ամեն դեպքում, պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ ստեղծելով այսպիսի ազատ տնտեսական գոտի Իրանի սահմանի մոտ՝ Մեղրիի տարածաշրջանում, մենք հնարավորություն ենք տալիս մի կողմից իրանցի ներդրողներին ներդրումներ կատարել, իրենց արտադրությունը կազմակերպել այդ ազատ տնտեսական գոտում և առանց մաքսի իրենց արտադրանքը արտահանել ԵՏՄ երկրների շուկաներ, և մյուս կողմից՝ ԵՏՄ երկրների ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս իրենց արտադրությունը կազմակերպել այդ տնտեսական գոտում և արտահանել Իրան», - նշեց Եղիազարյանը: