Կառավարությունն այսօր ընդունեց «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում, որի նպատակն է հիմնադրամի ստեղծմամբ օրենսդրության մշակման և մշտադիտարկման ոլորտում միասնական մոտեցման ապահովումը, օրենսդրության վերանայման արդյունքում դրանց կրճատմանը, հստակեցմանն ու պարզեցմանն ուղղված աշխատանքների և ծրագրերի իրականացման ապահովումը և այլն:
Արդյունքում, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, ակնկալվում է Հայաստանի ամբողջ տարածքում ունենալ օրենսդրության զարգացման գործառույթ իրականացնող համապարփակ ծառայություններ մատուցող ազգային կենտրոն: Որպես հեռահար ռազմավարական նպատակ՝ նախատեսվում է կենտրոնի ստեղծմամբ նվազեցնել հետագայում գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների և օրենսգրքերի քանակը: Հիմնադրամը ստեղծվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) աջակցությամբ: