Ազատամուտ համայնքում ավագանու անդամի տասը թեկնածուներից ինը կանայք են

Առաջադրված թեկնածուները հիմնականում դպրոցի ու մանկապարտեզի աշխատակիցներ են։

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին մասնակցող ավագանու թեկնածուներից ինը կանայք են, մեկը՝ տղամարդ։

Առաջադրված թեկնածուները հիմնականում դպրոցի ու մանկապարտեզի աշխատակիցներ են։ Ասում են, որ ամեն օր շփվում են երեխաների ծնողների հետ շփվում ու գյուղի բոլոր խնդիրներին տեղյակ են։

Ազատամուտի կանայք արդեն գիտեն, թե ընտրվելու դեպքում ինչի մասին են բարձրաձայնելու, թեև միաձայն նշում են, որ, ի տարբերություն հարևան սահմանամերձ գյուղերի, այստեղ գոնե հիմնական հարցերը լուծված են։

«Բնակիչները, իհարկե, խնդիրներ շատ կունենան․․․ չնայած շատ խնդիրներ այստեղ արդեն լուծված են: Բայց էլի կան մանր-մունր բաներ, որ կարելի է շտկել, հարթել», - «Ազատության» հետ զրույցում ասաց կին թեկնածուներից մեկը:

«Ուղղակի շատ կցանկանայի, որ մեր համայնքը ճանաչվեր որպես սահմանամերձ, որը շատ կօգներ մեզ որոշ խնդիրներ, չլուծվող հարցեր իրականացնելու համար», - հավելեց մեկ այլ կին թեկնածու:

Միակ տղամարդ թեկնածուն՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Թոռնիկ Վարդումյանը մեկ նպատակով է առաջադրել․ ուզում է, որ դպրոցի մարզադահլիճը վերանորոգվի․ - «Հիմնականում իմ թեկնածությունը դրել եմ, որպեսզի․․․ մեր Ազատամուտի միջնակարգ դպրոցի սպորտդահլիճը անմխիթար վիճակում ա քսանհինգ տարի: Որպեսզի կարողանանք միջնորդենք, ինչ-որ մի բան անեն»:

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի խոսքով՝ գյուղում թեև տղամարդկանց պակաս չկա, սակայն իրենք խնդիրների լուծումը կանանց են վստահում։ Խոստովանում է, ինքը ևս կանանց հետ է նախընտրում աշխատել․ - «Մեր համայնքում երևի մենք մի իրեք տղամարդ ենք աշխատում, մնացածը կայանք են՝ մշակույթով, մանկապարտեզով, մեր երաժշտականով: Հայաստանում, այսինքն Կովկասում ընդունված ա, որ տան մեծը՝ տղամարդը էս ասի, էն անի, վերջը իշխի, դա իշխել ա կոչվում․․․ Ես տարբերություն չեմ դնում»:

Ազատամուտի 2200 ընտրողների մեկ երրորդը Հանրապետական կուսակցության անդամ է։ Ներկայիս գյուղապետն ու ավագանու թեկնածուները ևս ներկայացնում են իշխող քաղաքական ուժը։ Բնակիչների խոսքով, դեռ տարիներ առաջ նորընտիր գյուղապետը, Հանրապետական դառնալուց հետո հենց իր աշխատասենյակում գյուղացիներին անդամագրել ու կուսակցական տոմսեր է բաժանել։ Կյանքը, սակայն, ազատամուտցիների խոսքով, չի բարելավվել․ - «Հանրապետականի գրքույկնի ա մերը սաղ, բայց ի՞նչ են անում․․․»

Գյուղում ամենուր Հանրապետական կուսակցության պաստառներն են փակցված։

Համայնքի ղեկավարի ընտրությունները սեպտեմբերի 18-ին են, քարոզարշավը կմեկնարկի մեկ շաբաթից։