Թուրքիան ակնկալում է արագորեն վերացնել «Իսլամական պետություն»-ից բխող վտանգը՝ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հետ գործողություն սկսելով ահաբեկչական խմբավորման զինյալներին Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս բնակավայրից դուրս մղելու ուղղությամբ: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
Նա Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է, որ մարտական օդանավերի, հրետանու և հատուկ ծառայությունների ներգրավմամբ այսօր առավոտյան գործողություն սկսելուց հետո Թուրքիայի իշխանությունները, որպես նախազգուշական միջոցառում, Սիրիային սահմանակից Քարքամիշ ավանից և վեց գյուղերից տարհանել են բնակչությանը:
Ալան շեշտել է, որ Թուրքիան թույլ չի տա զինյալներին սպառնալ երկրին, սակայն տեսնում է ոչ միայն «Իսլամական պետություն»-ից, այլև ուրիշ «ահաբեկչական» կազմակերպություններից բխող վտանգ:
Այսօր ավելի ուշ հաղորդվեց, որ թուրքական տանկերը հատել են Սիրիայի սահմանը։
Մանրամասները՝ քիչ անց