Երևանի Աբովյան - Իսահակյան խաչմերուկում կայանող մի խումբ տաքսու վարորդներ բողոքում են, որ այդ հատվածում տեղադրված տեսախցիկի մասին պատշաճ չեն իրազեկվել: Արդյունքում՝ 1 ամսվա ընթացքում յուրաքանչյուրը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 13-ից 20 ակտ է ստացել:
«Ծուղակ» որակելով այդ հատվածում տեսախցիկի տեղադրումը՝ վարորդներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել և պնդում էին, որ ոմանք անգամ մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ են տուգանվել:
Բողոքող տաքսու վարորդներն ասում էին, որ անգամ մեկ-երկու րոպե կայանելու և ուղևոր իջեցնելու դեպքում են տուգանվել:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը աբսուրդ է որակում ոստիկանության պարզաբանումը, թե տեսախցիկի տեղադրման մասին տեղեկությունը հրապարակվել է ոստիկանության պաշտոնական կայքում:
«Ի՞նչ է՝ բոլորը կայքով հետևում են, թե որտեղ ինչ տեսախցիկ տեղադրվե՞ց», - հարցնում է Հովհաննիսյանը:
Արձագանքելով վարորդների բողոքներին՝ «Ազատության» հետ զրույցում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության՝ տեսախցիկներով խախտումների արձանագրման կենտրոնի ղեկավար Արսեն Ղազարյանն ասաց, որ ոստիկանությունը բազմիցս է հորդորել տաքսու վարորդներին՝ այդ վայրում չկայանել: Ղազարյանի խոսքով, քաղաքապետարանի որոշմամբ այդ հատվածը նպատակահարմար չէ տաքսիների կայանման համար, բայց քանի որ այնտեղ սուպերմարկետ կա, տաքսիները համառում են և հրաժարվում են ուրիշ տեղ կանգնել:
Ինչ վերաբերում է վարորդների մեղադրանքներին, թե այդ տեսախցիկը ծուղակ է իրենց համար, կենտրոնի ղեկավարն ասաց՝ նման բան չկա: «Եթե դու երթևեկության կանոնները խախտում ես ու չես տուգանվում, մեկ էլ մի օր տուգանում են, դա եղավ ծուղա՞կ», - հարցնում է Ղազարյանը:
Բողոքի ցույցի մասնակիցներից 4 հոգի Հայաստանի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ փակ հանդիպում են ունեցել: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը «Ազատությանը» փոխանցեց, որ փոխոստիկանապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հատվածում տուգանելը ժամանակավոր դադարեցնելու մասին, մինչև կհստակեցվի նոր կայանատեղի հիմնելու հարցը: Ոստիկանությունը խոստացել է նաև քննարկել մինչ այսօր ստացված տուգանքների ակտերը: