Սպորտի արբիտրաժային դատարանը մերժել է Ռուսաստանի բողոքարկումը

Սպորտի արբիտրաժային դատարանը մերժել է Ռուսաստանի բողոքարկումը Պարալիմպիկ խաղերին այդ երկրի հավաքականի մասնակցությունն արգելելու որոշման վերաբերյալ, հայտնում է Reuters գործակալությունը:

Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (ՄՊԿ) օգոստոսի 7-ին ընդունած որոշմամբ Ռուսաստանի հավաքականը՝ Պարալիմպիկ թիմի առնվազն 250 մարզիկներ, զրկվել էին սեպտեմբերի 7-ից 18-ը անցկացվող միջոցառմանը մասնակցելու հնարավորությունից՝ Ռուսաստանում պետական հովանավորությամբ դոպինգային ծրագրի իրականացման շուրջ ծագած սկանդալի պատճառով: Ռուսաստանը պնդում է, որ ՄՊԿ-ի որոշումը քաղաքական դրդապատճառ ունի և տասնյակ անմեղ մարզիկների է վնասում:

Սպորտի արբիտրաժային դատարանը հայտարարել է, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի որոշումը «համարժեք է իրադրությանը», իսկ Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեն «չի ներկայացրել այնպիսի փաստեր, որոնք կհերքեին ՄՊԿ-ի որոշման համար հիմք հանդիսացած փաստերը»: