Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ են այցելել մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ «ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը։
Նրանք պահանջում են օմբուդսմեն Արման Թաթոյանի միջամտությունը, որպեսզի պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին։
«Հանդիպումից հետո ես կհանձնարարեմ մեր աշխատողներին, նրանք քրեակատարողական հիմնարկ կգնան, քանի որ այն տվյալները, որոնք հայտնեցին քաղաքացիները, ստուգման ենթակա են», - «Ազատության» հետ զրույցում ասաց օմբուդսմենը։
Հիշեցնենք, ավելի վաղ վիրավորների պաշտպանները ահազանգել էին, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժակներն այլևս 24-ժամյա հերթապահություն չեն իրականացնում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, իսկ դրա կարիքն իրենց պաշտպանյալներն ունեն։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իր հրամանով է բուժակը դադարեցրել հերթապահությունը, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կան բուժաշխատողներ և կարող են շարունակել այդ գործը: Վիրավորների վիճակը նա գնահատեց բավարար:
Մանուկյանը նշեց, որ արդեն երկուշաբթի օրվանից նախատեսում են վիրահատել «Սասնա ծռեր»-ի՝ ոտքերի հրազենային վիրավորում ունեցող անդամներին:
«Հիվանդները, որոնց մենք որոշել ենք, որ պիտի վիրահատվեն, տեղափոխվելու են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ մեկ–երկու օրով, կատարվելու է վիրահատություն, և արդեն հետ են տեղափոխվելու «Դատապարտյալների հիվանդանոց»: Օրինակի համար Արամ Մանուկյանը, Պավել Մանուկյանը, Արմեն Լամբարյանը», - ասաց «Էրեբունի» հիվանդանոցի գործադիր տնօրենը: