Ալեք Ենիգոմշյանը Արայիկ Խանդոյանին հորդորում է հանել թեկնածությունը

Ալեք Ենիգոմշյանը «Ազատության» ստուդիայում: 14-ը օգոստոսի, 2016 թ․

Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հորդորում է «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից:

«Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը, ով այժմ կալանավորված է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավելու գործով, իր վստահված անձի միջոցով դեռևս օգոստոսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրություներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Ենիգոմշյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ «Սասնա ծռերը» ամբողջությամբ կիսում են Հիմնադիր խորհրդարանի այն տեսակետը, որ ներկա ռեժիմի օրոք ընտրություններով իրավիճակ փոխելն անհնար է․ - «Արայիկ Խանդոյանի որոշումը անձնական որոշում է եղել, չի քննարկվել: Դա ընդհանուր մոտեցման որևիցե ձևով փոփոխություն չի նշանակում»:

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, Ժիրայր Սեֆիլյանը, ձեր մյուս գործընկերները, ովքեր այսօր անազատության մեջ են, կարդարացնեի՞ն այդ քայլը:

Ենիգոմշյան․ - Ես ինձ իրավունք չեմ տա իմ ընկերների անունից խոսել: Ես կարծում եմ, որ իրենք չեն քաջալերի այդ քայլը: Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ առումով նաև փոփոխություններ լինեն: Դեռևս թեկնածությունը հետ վերցնելու ժամկետը չի վերջացել, և ես տեսականորեն չեմ բացառում, որ այդ թեկնածությունը հետ վերցվի»:

«Ազատություն»․ - Դուք ասացիք, որ Ձեր ընկերները միանշանակ չէին քաջալերի, որպեսզի նա իր թեկնածությունը դներ թեկուզև իր հայրենի գյուղում անցկացվող գյուղապետի ընտրություններին: Դուք նույնպե՞ս, եթե նրան հանդիպելու, զրուցելու հնարավորություն ունենայիք, կհորդորեիք իսկապես հետ վերցնել թեկնածությունը»:

Ենիգոմշյան․ - Այո, եթե ես ունենայի հնարավորություն, կհորդորեի հետ վերցնել․․․ Ոչ թե որովհետև ես, մենք, բոլորս ընտրություններին չենք հավատում, այլ՝ այս ռեժիիմի օրոք ընտրություններին չենք հավատում, և այսօր թեկնածություն ներկայացնել նշանակում է ինչ-որ չափով անգիտակցաբար այդ ջրաղացին ջուր լցնել: Սա Արայիկի նկատմամբ բացարձակապես բացասական վերաբերմունք չէ: Արայիկը մեր բոլորի ընկերն է, Արայիկը իսկապես չափազանց ազնիվ մարդ և անձնավորություն է: Իր որոշման նկատմամբ իմ այս մոտեցումը, և ընդհանրապես մեր մոտեցումը իր անձի նկատմամբ բացարձակապես պարսավում կամ նմանօրինակ մի բան չի նշանակում: Ինքը մնում է ամենաազնիվ, ամենանվիրված մարդկանցից մեկը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ Արայիկ Խանդոյանը շարունակում է մնալ առաջադրված թեկնածու, և նա իր փաստաթղթերը հետ չի վերցրել:

Վաղն արդեն լրանում է թեկնածուների գրանցման ժամկետը, և այդ կապակցությամբ թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովը նիստ է հրավիրելու:

Մինչ «Միայնակ գայլին» հորդորում են հետ վերցնել թեկնածությունը՝ նրա փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ իր պաշտպանյալը մտադրություն չունի հրաժարվել ընտրական պայքարից․ - «Դա իր անձնական որոշումն է եղել»:

«Ազատություն»․ - Ի՞նքն է հրաժարվել, որպեսզի Դուք խոսեք դրդապատճառների մասին:

Պապիկյան․ - Մենք զրուցել ենք ու պայմանավորվել ենք: Ինքը խնդրել է, որ էդ մասին առայժմ չբարձրաձայնեմ: Մեկ-երկու օր հետո մենք դրա մասին արդեն կասենք:

«Ազատություն»․ - Այսինքն նա չի վերցնելու իր փաստաթղթերը, միանաշանակ այդ ընտրություններին մասնակցելու է:

Պապիկյան․ - Էս պահի դրությամբ, երկրորդ տարբերակ էստեղ արդեն չի քննարկում ինքը: Ես էսօր էլ եմ իրան տեսել, հակառակը ինքը չի ասել:

Զինված խմբին օժանդակելում մեջ մեղադրվող Ալեք Ենիգոմշյանը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ տվեց ի վերջո զինված հարձակումը, երբ այդ իրադարձություններից մոտ մեկ ամիս անց իր ընկերները լուրջ վնասվածքներով գտնվում են կալանավայրում, չկա այլևս ժողովրդական մեծ ընդվզում, փոխարենն ունենք երեք զոհ, ասաց, թե ինքը համաձայն չէ այն համոզմանը, որ «Սասնա ծռերը» որևէ հարց չեն լուծել․ - «Տղաների հարուցած զարթոնքը առկա է: Այսօր ժողովուրդը ուզում է տեսնի ճանապարհը փոփոխության: Կտեսնենք շուտով նաև որոշ քաղաքացիական, քաղաքական բնույթի քայլեր, որը մեզ կհասցնի վերստին քաղաքական ալիքի բարձրացմանը»:

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն ու նրա համախոհները, «Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը իրենց գործողություններում բացառում են զինված հարձակումների միջոցով հարցեր լուծելու հնարավորությունը:

Ալեք Ենիգոմշյան․ - Երբ կա խաղաղ գործընթացով մարդկանց՝ իրենք իրենց ճակատագիրը տնօրինելու ուղի, այդ ուղին փակված չի, զինված գործունեությունը քաղաքականության մեջ դատապարտելի է: Ամբողջ խնդիրը այն է, որ երբ խաղաղ ճանապարհները, ժողովրդավարական ճանապարհները փակված են, այն էլ՝ ավելի քան քսան տարի, մարդկանց այլընտրանք չի մնում, քան դիմել վերջին միջոցին՝ բռնի ուժին: Մենք գուշակներ չենք․ ինչ կլինի, դա կլինի: Ես բացարձակապես չեմ կարող ասել, որ այսօր Հայաստանում չկան մարդիկ, ովքեր մտածում են, որ, չէ, էս տղաների ճանապարհն էր ճիշտը և այլն․․․ Ես ուղղակի տեսականորեն չեմ բացառում: Բայց ես հավատում եմ, որ այսօր մեր ժողովուրդը, շնորհիվ «Սասնա ծռերի», ձեռք է բերել ներուժ՝ խաղաղ, քաղաքացիական անհնազանդության պայքարով հասնել իր նպատակներին»: