Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը հաղորդում է, որ հուլիսի 28-ից սկսած կատարվում են պարբերական այցելություններ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
ՄԻՊ-ը նշում է, որ շարունակվում են այնտեղ պահվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման աշխատանքները։
«Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ: Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ: 2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ:
2016 թվականի օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված և վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: Արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ», - ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ահազանգել էր, որ Դատապարտյալների հիվանդանոցից բուժակների հերթապահությունը հանվել է։