Երևանի բնակիչ Ռոզա Զադոյանը գնումների գնալիս պարտադիր ակնոց է վերցնում։ Թեև 66-ամյա կինը աշխատում է միշտ ստուգել ապրանքների ժամկետները, սակայն երբեմն ժամկետանց սնունդ գնելու դեպքերից չի կարողանում խուսափել:
«Թոռնիկիս ուղարկեցի կաթ բերելու, չէր նայել ժամկետին, բերեց՝ անցած էր ժամկետը: Նորից հետ եմ ուղարկել խանութ։ Տղաս ձուկ էր գնել «Երևան սիթի» սուպերմարկետից, բերել են, որ ուտեն՝ մեջը որդ են գտել», - պատմեց նա:
Երևանցիների շրջանում անցկացված «Ազատության» փոքրիկ հարցախույզը վկայեց, որ ժամկետանց սնունդ գնելու խնդրին շատերն են բախվում:
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները վերջին ստուգումների արդյունքում ժամկետանց սնունդ հայտնաբերել էին Երևանի երկու խոշոր՝ «Նոր Զովք» և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի մի քանի մասնաճյուղերում: Վտանգավոր բակտերիաներ էին հայտնաբերվել նաև տեղում արտադրված աղցաններում։ Ապրանքները, ըստ պետական ծառայության, դուրս են բերվել վաճառքից, աղցանների արտադրությունն էլ ժամանակավորապես կասեցվել է։
«Ի հայտ եկած թերությունները մենք վերացրել ենք։ Սխալ մակնշման դեպքեր էլ են լինում։ Էստեղ մատակարարների մեղավորությունն էլ կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Նոր Զովք ՍՊԸ-ի տնօրենի օգնական Մերուժան Օվսեյանը:
Ինչ վերաբերում է աղցաններում հայտնաբերված բակտերիաների խնդրին՝ ընկերությունում պնդում են, որ ստուգման արդյունքները ճշգրիտ չեն, թեև արտադրությունը ժամանակավորապես դադարեցրել են։
Թեպետ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում պնդում են, որ ժամկետանց սնունդ վաճառելու դեպքերը գնալով նվազում են, սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության տվյալներով՝ այդ միտումն առայժմ չի փոխվում։
«Ըստ իմ տվյալների՝ մենք դինամիկա չունենք։ Ոչ բացասական դինամիկա ունենք, ոչ դրական։ Դրական դինամիկա ունենալու համար ստուգումները բավարար չեն։ Դինամիկան այնքանով է դրական, որ սպառողն է ավելի ուշադիր դարձել», - մեզ հետ զրույցում ասաց ԻՊՍ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Սպառողների իրավունքների պաշտպանի խոսքով՝ դեպքերի նվազման դինամիկա չկա, որովհետև մինչ այսօր սննդամթերքի ժամկետների ստուգման որևէ նոր մեթոդ չի կիրառվում:
«Պետք է ստուգումից հետո ցուցանակներ դնել այդ խանութներում, որտեղ գրված կլինի՝ այստեղ վաճառվել է ժամկետանց սննունդ», - առաջարկեց Պիպոյանը:
ՍԱՊԾ-ում հակադարձում են՝ այս առաջարկը օրենքի շրջանակներում չէ: Ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ Վան Աղաջանյանի պնդմամբ՝ իրենց միջոցով հանրությունը գնալով ավելի իրազեկ է դառնում։
«Հանրության գիտակցությունը առաջ է գնացել։ Կարող եմ ասել, որ խախտումների դեպքերը նվազում են, նվազում են նաև տնտեսվարողի ջանքերի շնորհիվ», - նշեց Վան Աղաջանյանը:
Աղաջանյանը կիրառվող մեխանիզմների արդյունավետության մասին միայն նշեց, որ տուգանելն օրենսդրությամբ սահմանված պահանջ է։