Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնել փորձելու կասկածանքով Վրաստանում յոթ մարդ է ձերբակալվել

«Նովոստի» գործակալությունը փոխանցում է, որ Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնել փորձելու կասկածանքով Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել։

Ռուսական աղբյուրը այլ մանրամասներ չի հաղորդում։

«Գրուզիա օնլայն» գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը, հաղորդում է, որ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է յոթ մարդ, հինգը՝ Վրաստանի քաղաքացի։ Նրանք կասկածվում են Հայաստանն ու Ռուսաստանն իրար կապող Սագուրամո գազատարը պայթեցնել փորձելու մեջ։ Աղբյուրը նաև նշում է, որ ձերբակալվածների թվում է ոստիկանության պարեկային ծառայության մի աշխատող, ով մեղադրվում է ահաբեկչական խմբին աջակցելու մեջ։

Ըստ աղբյուրի, Ժինվալի-Շատիլի մայրուղու մոտ գտնվող անտառային հատվածից հայտնաբերվել է 4 միավոր 200 գրամանոց «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, 5 պայթուցիչ սարք (դետոնատոր)։ Խմբի անդամների մեքենաներում հայտնաբերվել է զինամթերք, իսկ անդամներից մեկի տանից առգրավվել է համակարգչային քարտ, որտեղ նշված են եղել պայթյուններ իրականացնելու վայրերը։