Վերաքննիչ դատարանն այսօր քննեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից միանգամից 9-ի փաստաբանների բողոքները՝ կալանքը վերացնելու կամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին: Նրանցից 3-ի նիստը հետաձգվել է, 5-ի բողոքը մերժվել:
Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի համար անհասկանալի էր բողոքը մերժելու դատարանի հիմքը: Ասաց՝ դատարանը համարել, է, որ երկու ոտքի հրազենային ծանր վիրավորում ստացած Մանուկյանը կարող դիմել փախուստի կամ խոչընդոտել գործի ընթացքին։
«Ինչպե՞ս են իրենք պատկերացնում, թե երկու ոտքից վիրավոր անձը պետք է թողնի Հանրապետության տարածքը, առավել ևս, որ նա ունի բուժման կարիք։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս են պատկերացնում, թե այն մարդիկ, ովքեր հեղափոխական պայքարի են ելել, պետք է թողնեն երկրի տարածքը։ Սա իմ պատկերացմամբ չի տեղավորվում։ Ինձ թվում է, որ ցանկացած նմանատիպ հարց լուծվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական ճանպարհով», - ասաց փաստաբանը։
«Էրեբունի » ԲԿ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ օրվա երկրորդ կեսին ավարտվել է Պավլիկ Մանուկյանի ոտքի վիրահատությունը: Հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով, իրենց բժիշկները «Դատապարտյալների հիվանդանոցում» վերականգնել են Մանուկյանի ոտքի մաշկի դեֆեկտը: Նրա պնդմամբ, դա հնարավոր էր նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» կատարել:
Դատարանն այսօր մերժեց նաև ՊՊԾ գնդի տարածքը գրավելու առաջին իսկ օրը փոխհրաձգության ընթացքում վիրավորված Թաթուլ Թամրազյանի փաստաբանի դիմումը: «Սասնա ծռերի» երիտասարդ անդամ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը դատարանի մերժման հիմքը անտրամաբանական է համարում , ասաց՝ որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում։
«Ներկա պահին նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան օրվա մեջ մի քանի անգամ ցավազրկող են ներարկում, շարժումները սահմանափակ են, գրեթե չի քայլում և մի քանի ամիս հետո նրան անհրաժեշտ կլինի երկրորդ վիրահատությունը», - իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին մանրամասնեց փաստաբանը։
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ակտիվիստ Վարդան Գերավետյանի փաստաբանի բողոքը ևս մերժվեց: Փաստաբան Դավիթ Գյուրջյանը հայտնեց, որ Գերավետյանը նիստին ներկա է եղել, ինքնազգացողությունը լավ է։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը մինչև այսօր չի ենթարկվել բժշկական հետազոտության, թեև ունի այրվածքներ:
«Վերաքննիչից պահանջում ենք կալանավորումը որպես խափանման միջոց վերացնել, բայց նաև ալտերնատիվ պահանջ ենք ներկայացրել, եթե հնարավոր չեն ճանաչում կալանավորումից հրաժարվելը, կիրառել դրա այլընտրանքային միջոց հանդիսացող գրավը։ Այդ միջնորդությունը նույնպես մերժվեց», - նշեց Գյուրջյանը։
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է նաև «Սասնա ծռերի» անդամներ Սմբատ Բարսեղյանի ու էդուարդ Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը և հետաձգել զինված խմբին «հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի, Արմեն Բիլյանի և Հովհաննես Վարդանյանի գործերով նիստերը: Այս պահին հայտնի չէ դեռ Մխիթար Ավետիսյանի գործով ներկայացված բողոքի ճակատագիրը:
Իշխանափոխության պահանջով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի փաստաբանները հայտարարեցին, որ բողոքարկելու են Վերաքննիչում մերժված իրենց միջնորդությունների որոշումները: