Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը: Վերաքննիչ դատարանն այսօր որոշեց փոխել նրա խափանման միջոցը՝ կալանքը, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց:
«Ինչպես քաղաքական որոշմամբ ինձ գողացան, էդպես էլ քաղաքական որոշմամբ ինձ բաց թողեցին: Վստահ եմ, որ դա քաղաքական որոշում էր, ու էդ որոշումը կայացվել է Բաղրամյան 26-ում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը բերման էր ենթարկվել հուլիսի 30-ին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, այնուհետև կալանավորվել: Նրան, ինչպես նաև հուլիսի 29-ին Սարի թաղում երթն առաջնորդող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանին և «Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու անկարգություններին մասնակցելու համար:
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Սանասարյանն ասաց, որ այն անհիմն է:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե մի ձայնագրություն բերեն, որտեղ ես ասել եմ մարդկանց, ոնց որ ցուցմունքների մեջ է, քարերը վերցրեք և խփեք ոստիկաններին, ես խոստանում եմ, որ ուղիղ 10 տարի կնստեմ բանտում: Ընդհակառակը, իմ ընկերների հետ միասին հանդարտեցրել ենք մարդկանց, և փաստորեն, խանգարել ենք իրենց, որ հանդարտեցնում էինք: Ես ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես էին ոստիկանների կողմից քաղաքացիական հագուստով մարդիկ քարեր նետում քաղաքացիների վրա: Ես զգուշացրել եմ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, որ հրահանգեք, որ չանեն նման բան, որովհետև մենք էս կողմից մարդկանց մի կերպ էինք պահում», - նշեց Դավիթ Սանասարյանը:
Նա հավելեց, որ ավելի վճռական է դարձել, ու քաղաքական պայքարը շարունակելու է նոր թափով: