Արայիկ Խանդոյանի փաստաթղթերը ներկայացվել են ԿԸՀ

Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում: 23-ը հուլիսի, 2016թ․

Մեկ ամիս առաջ զենքով իշխանափոխության փորձ կատարած «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը կպայքարի Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար։

«Միայնակ գայլ» մականվամբ ազատամարտիկի փաստաբան Արա Պապիկյանը փոխանցեց, որ Խանդոյանի վստահված անձը հասցրել ու վերջնաժամկետից շուտ ընտրական հանձնաժողովին է ներկայացրել համապատասխան փաստաթղթերը․ - «Ինչը օրենքով պահանջված էր, արդեն վստահված անձը ներկայացրեց հանձնաժողով»:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Խանդոյանը այժմ կալանավորված է Ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով։ Սակայն, օրենքը չի արգելում նրան այս կարգավիճակում պայքարել գյուղապետի աթոռի համար։

Ընտրատարածքային հանձնաժողովը ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուների գրանցումը կավարտի 5 աշխատանքային օրվա ընթացքում։

ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ավելի վաղ Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունը գրանցելու հայտ է ներկայացրել նաև գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Խաչատրյանը, ինչպես նաև «Բարգավաճ Հայասան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը։ Վերջինս այսօր ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ Արայիկ Խանդոյանի առաջադրումը հաստատվելու դեպքում կհանի իր թեկնածությունը։

Ծաղկահովիտի գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Իշխող ՀՀԿ-ի պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, դրական համարեց զինված խմբի անդամի կողմից ընտրություններին մասնակցելու որոշումը․ - «Այն, որ ընտրական գործընթացների միջոցով են ուզում պայքարել, ինչ-որ բան փոխել, դա դրական է: Լավ կլիներ, որ ի սկզբանե նման քայլերով փորձեին իրականացնել, այլ ոչ թե զենքով․․․ Մենք ազատ, արդար ընտրությունների կողմնակից ենք, և կարծում եմ, որ ուժեղը ցանկացած ընտրության մեջ, այդ թվում նաև Ծաղկահովիտում, կհաղթի»:

Արայիկ Խանդոյանի վստահված անձ Լևոն Մուրադյանը, ով նույնպես Ծաղկահովիտ համայնքի բնակիչ է, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովն առանց խոչընդոտների ընդունել է փաստաթղթերը։

Մուրադյանի պնդմամբ՝ գրանցելու դեպքում ազատամարտիկի հաղթանակը երաշխավորված է․ - «Եթե կասկածեինք, չէին դնի»:

Մուրադյանը սահմանված վերջնաժամկետից մեկ ժամ առաջ է փաստաթղթերը հասցրել հանձնաժողով: Պատճառը, ըստ նրա, կալանավայրի ղեկավարության կողմից փաստաթղթերի տրամադրման ձգձգումն էր։ Երեկ բանտից գրված նամակում Արայիկ Խանդոյանը նույնպես հայտնել էր, որիավապահները ապօրինի խոչընդոտներ են ստեղծում լիազորագիրը տրամադրելու հարցում։

Խանդոյանի պաշտպան Արա Պապիկյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ լիազորագրի հարցը տարբեր պատճառներով մի քանի օր շարունակ լուծում չէր ստանում։

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե դիմումին անմիջապես ընթացք են տվել: