Թոմ դը Վաալ. Հայաստանն ապրում է ամենալուրջ քաղաքական ճգնաժամը վերջին ութ տարվա ընթացքում

Թոմ դը Վաալ, արխիվ

«Հայաստանի ներկայիս քաղաքական ճգնաժամն, ըստ էության, ղարաբաղյան պատերազմում հաղթած երկու խմբի հակամարտություն է», - գրել է բրիտանացի հայտնի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Հաղթանակի ծանր ժառանգություն»-ը վերնագրի ներքո՝ նշելով, որ Հայաստանն ապրում է ամենալուրջ քաղաքական ճգնաժամը վերջին ութ տարվա ընթացքում։

Հիշեցնենք, ութ տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն էին։

Այս տարվա հուլիսյան ճգնաժամի մասին, երբ «Սասնա ծռեր» կոչվող խմբի զինված ծայրահեղականները Երևանում գրավեցին ոստիկանության պարեկապահակայն ծառայության գնդի տարածքը, Թոմ դը Վաալը գրում է, որ շատերի համար զարմանալի էր հազարավոր մարդկանց աջակցությունը զինյալներին։ Նա ճգնաժամի պատճառներից է համարում նաև «իշխանությունների անընդունակությունը քաղաքացիների վստահությունը նվաճելու հարցում»։

«Իշխանություններին չի հաջողվում լուծել երկրի հիմնական խնդիրները՝ գործազրկությունը, կոռուպցիան, արտագաղթը, պաշտոնյաների անպատժելիությունը», - գրել է փորձագետը։

Նրա բնորոշմամբ, «Սասնա ծռեր»-ը արմատական են և ֆանատիկներ են, որ անկեղծորեն ձգտում են սոցիալական արդարության, սակայն նրանք խիստ ազգայնական են և դեմ են ցանկացած զիջումների Ադրբեջանին և Թուրքիային, հատկապես Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձին։

«Ղարաբաղի պատերազմի վետերաններ կան նաև իշխանությունում, հենց նրանք են կազմում Սերժ Սարգսյանի վարչակազմի հիմնական կորիզը, նրանցից շատերը, ներառյալ ծագումով ղարաբաղցի Սերժ Սարգսյանը, իշխանության են եկել հաղթանակի ալիքի վրա և պատրաստ են իրենց դիրքորոշումները պաշտպանել ամեն գնով», - գրել է վերլուծաբանը։

Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան պատերազմում հաղթանակը Հայաստանում ուժեղացրեց համազգեստով մարդկանց դիրքերը։ «Նրանք նախ իշխանությունը վերցրեցին Ղարաբաղում, ապա Հայաստանում 1998 թվականին ղարաբաղցիների ծայրահեղական խմբավորումները և պատերազմի վետերանները հեղաշրջում կազմակերպեցին՝ պաշտոնից հեռացնելով երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Քոչարյանը դարձավ նախագահ, իսկ Սարգսյանը՝ նրա սերտ զինակիցը։ Այս խմբավորումը մինչև հիմա իշխանության է՝ հենվելով լավ, զինված անվտանգության ուժերի վրա։ Նրանք ճնշում են իրենց իշխանությանը սպառնացող բոլոր փորձերը։ Իսկ սահմանադրական վերջին փոփոխությունների շնորհիվ Սարգսյանը և նրա կողմնակիցները, դատելով ամեն ինչից, կարող են դեռ երկար տարիներ մնալ իշխանության», - գրել է Թոմ դը Վաալը՝ շարունակելով. - «Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի ներսում, եթե անգամ Սարգսյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է ընկալվում, նրան որևէ այլընտրանք դեռևս չի նշմարվում»։

Փորձագետի բնորոշմամբ, Ղարաբաղի չլուծված հակամարտությունը նախկինի պես ծանր բեռի պես ճնշում է Հայաստանը։ «Իսկ ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո Սարգսյանը և իր թիմը հասկացել են, որ իրենց անհրաժեշտ է գոնե ձևացնել, թե Հայաստանը պատրաստ է խելամիտ զիջումների՝ օկուպացված տարածքների հարցում։ Հակառակ դեպքում, մոտ ապագայում, Հայաստանին սպառնում է պատերազմ Ադրբեջանի հետ, որին իշխանությունները շատ կոշտ են տրամադրված», - գրել է Թոմ դը Վաալը։

Եթե անգամ հաջողվի խուսափել պատերազմից, ըստ փորձագետի, ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում, Հայաստանը կարող է երկար մնալ միջազգային մասնակի մեկուսացման տակ։

«Հենց այդ պատճառով է Սարգսյանը շարունակում խաղաղ համաձայնության բանակցությունները, չնայած այն քիչ է տարբերվում այն տարբերակից, որի պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հեղաշրջում իրականացվեց, և հավանաբար այդ պատճառով է, որ վերջին ճգնաժամի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն անուղղակի պաշտպանեց Սարգսյանին՝ կոչ անելով կենտրոնանալ արտաքին սպառնալիքների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա», - գրել է Թոմ դը Վաալը։

«Խաղաղության միակ ճանապարհը, դա բարդ փոխզիջումն է, այդ թվում՝ հայկական կողմի համաձայնությունը՝ հետ հանձնելու Ղարաբաղի շուրջ օկուպացված ադրբեջանական տարածքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Ադրբեջանի փոխզիջման դիմաց», - գրել է փորձագետը։

Սակայն, ըստ Թոմ դը Վաալի, ապրիլյան պատերազմի և Երևանի հուլիսյան դեպքերի արդյունքում նման համաձայնությունը կյանքի կոչելը շատ ավելի դժվարին է դարձել։

«Հուլիսի ճգնաժամը շատերի մոտ տպավորություն ստեղծեց, թե ժողովրդավարական քաղաքականությունը սպառել է իրեն, և ուժային մեթոդների կիրառումը լիովին ընդունելի է։ Այս ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները շատ քիչ ժողովրդականություն ունեն, իսկ կազմակերպված, համակարգված ընդդիմություն երկրում բացակայում է։ Այս ամենը մի նոր փայտ խրեց առանց այդ էլ խաղաղ գործընթացի անարդյունավետ անիվում։ Հայաստանը դժվար թե կարողանա ինքնուրույն դուրս գալ այս փակուղուց։ Ռուսաստանը՝ նրա հիմնական դաշնակիցը, գերադասում է գործել պարտադրանքի մեթոդներով։ Ներքին անհանգստությունները և արտաքին անորոշությունը հաղթհարելու համար, Հայաստանին պետք է միջազգային գործընկերների և հայկական սփյուռքի իրապաշտական մասի աջակցությունը», - գրում է Թոմ դը Վաալը։