Վանաձորի քաղաքային պուրակում արծաթափայլ եղևնիներ են հատվել

Հատված արծաթափայլ եղեևնիներ՝ Վանաձորի Ազատամարտիկների պուրակում

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու բնապահպան ակտիվիստները բարբարոսություն են համարում կատարվածը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարբարոսություն է համարում Վանաձորի Ազատամարտիկների պուրակում արծաթափայլ եղևնիների հատումը: Մարուքյանն արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն: Կարծում է՝ պետք է քրեական գործ հարուցվի, և պատասխանատվության ենթարկվեն ինչպես որոշում կայացնողը, այնպես էլ հատողը:

«Հիմա Դատալեքսը նայեք՝ մեկը մի ծառ ա հատել, մի քանի միլիոն դրամի գործ են հարուցել, դատարաններում նման բազմաթիվ գործեր կան: Ո՞նց ա լինում, որ քաղաքի կենտրոնում հնարավոր ա հատել բազմամյա արծաթափայլ եղևնիներն ու որևէ պատասխան չտալ: Ընդ որում, ասեմ՝ քաղաքում իշխանություն գոյություն չունի, ես երեկ զանգել եմ և՛ քաղաքապետին, և տեղակալին, և՛ կոմունալ բաժնի պետին, որևէ մեկին մենք չենք կարողացել հայտնաբերել»,- ասում է Մարուքյանը:

Պատգամավորի ձեռքի տակ է Վանաձորի քաղաքապետարանի թույլտվությունը, որը տրվել է սեփականատեր Վահե Կարապետյանին: «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը «Ազատությանն» ասաց, թե դա մասնավոր տարածք է, և սեփականատերն այնտեղ կարող է գործունեություն ծավալել իր հայեցողությամբ: Մեր դիտարկմանը, թե քաղաքապետարանն է տվել ծառերը հատելու թույլտվությունը, Սարդարյանն արձագանքեց՝ ինքը նոր է վերադարձել արձակուրդից և մանրամասներին ծանոթ չէ, բայց և խոստացավ մեր գրավոր հարցմանը մանրամասն պատասխան տալ ավելի ուշ:

Իրավաբանական բաժնում փաստեցին, որ քաղաքապետարանն իսկապես թույլտվություն տվել է՝ դարձյալ խոստանալով ավելի ուշ տրամադրել լրացուցիչ պարզաբանումներ: Ի դեպ՝ քաղաքապետարանը 5 ծառերի հատման թույլտվություն է տվել՝ դրանց փոխարեն նոր՝ տույա տեսակի ծառեր տնկելու պայմանով: Մարուքյանն աբսուրդ է համարում այդ թույլտվությունը: «Պատկերացրեք, օրինակ, համայնքի ղեկավարը, որի վարչական տարածքում է գտնվում Գառնիի տաճարը, թույլտվություն տա էդ տարածքի ինչ-որ սեփականատիրոջ, ասենք՝ էդ կողքերի կաֆեի տիրոջը․․․ ասի՝ գնացեք քանդեք տաճարը, պետք ա գնան տաճարը քանդեն՞»,- հարց է հնչեցնում պատգամավորը:

Խնդրով անհանգստացած են նաև բնապահպանական կազմակերպությունները: Վանաձորի «Օրհուս» կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք արձանագրել են տեղի ունեցածը և պատրաստվում են համապատասխան հարցում ուղարկել քաղաքապետարան:

Այսօր հատված եղևնիների վայրում բանվորներ էին աշխատում, ներկա էին նաև ոստիկանության աշխատակիցներ: