Փաստաբան. Պավել Մանուկյանին վաղը կվիրահատեն

Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում՝ ասուլիսի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը երեկ տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող իր պաշտպանյալներ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել և Արամ Մանուկյաններին, Արմեն Լամբարյանին։

Պետրոսյանի փոխանցմամբ, Արամ Մանուկյանի առողջական վիճակը լավ է։ «Փոքր ինչ նրա վիճակը բավարար է, քան Պավել Մանուկյանինը և մյուսներինը։ Բժիշկների օգնությամբ, նա փորձել է հենակների օգնությամբ մեկ-երկու քայլ անել՝ առողջ ոտքով, մյուս ոտքը երևի մոտ չորս ամիս նա չի կարող գետնին դնել, ուղղակի մեկ ոտքով՝ հենակով, իմ տեղեկություններով, փորձել է քայլել», - «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանը։

Ինեսսա Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ վաղը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը։ «Ես դեմ եմ», - ասաց փաստաբանը՝ պնդելով, որ դատապարտյլաների հիվանդանոցում հնարավոր չէ հրազենային ծանր վիրավորում ստացած անձանց հետագա բուժում կազմակերպել։

«Էրեբուն»-ի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Պավել Մանուկյանի վաղվա վիրահատությունը բարդ չէ, և հնարավոր է իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի վիրահատարանում, որը վերջին տարիներին է նորոգվել։ Ինչ վերաբերում է հետագայում անցկացվելիք վիրահատություններին, ըստ տնօրենի, ապա դրանց դեպքում հնարավոր է նրանց տեղափոխեն բժշկական կենտրոն։