Նա կասկածվում է խաղերի առնվազն 800 տոմսերի վերավաճառքը կազմակերպվելու մեջ:
Ռիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերին զուգահեռ բրազիլական ոստիկանությունը սկսել է ակտիվորեն հետաքննել մրցաշարի տոմսերի անօրինական վերավաճառքի մասին տեղեկությունները:
Այս հետաքննության շրջանակում երեկ Ռիոյի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում ձերբակալվել է միջազգային օլիմպիական շարժման ամենաազդեցիկ գործիչներից մեկը` Եվրոպական օլիմպիական կոմիտեի և Իռլանդիայի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիքեն:
BBC-ի տեղեկություններով, ձերբակալության պահին Հիքեն փախուստի փորձ է կատարել, երբ այն հաջողությամբ չի պսակվել, իռլանդացի մարզական չինովնիկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են Ռիոյի հիվանդանոցներից մեկը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի ամենաազդեցիկ անդամներից մեկը համարվող Հիքեն կասկածվում է խաղերի առնվազն 800 տոմսերի վերավաճառքը կազմակերպվելու մեջ:
Ընդհանուր առմամբ, բրազիլական ոստիկանությունը վերջին օրերին տոմսերի անօրինական վաճառքի տասնյակ դեպքեր է բացահայտել` շուրջ 40 մարդու ձերբակալելով:
Բրազիլական լրատվամիջոցների տեղեկություններով, Պատրիկ Հիքեի դեմ մեղադրանքներն առաջ են քաշվել THG Sports ընկերության ղեկավար Քևին Ջեյմս Մելոնի գործի հետաքննության շրջանակներում:
Մելոնն ու նրա բրազիլացի թարգմանիչը ձերբակալվել էին Օլիմպիական խաղերի բացման օրը: Բրազիլացի իրավապահների պնդմամբ, նրանք խաղերին մուտքի յուրաքանչյուր տոմսը վերավաճառում էին 7 հազար 800 դոլարով:
Բրազիլական աղբյուրները չեն բացառում, որ այդ տոմսերը նրանց է փոխանցել հենց Պատրի Հիքեն:
Նշեմ ի դեպ, որ ձերբակալված իռլանդացի մարզական չինովնիկն անցած տարի Բաքվում կայացած Եվրոպական խաղերի գլխավոր կազմակերպիչներից ու պատասխանատուներից մեկն էր: Այդ խաղերը ևս ուղեկցվում էին կոռուպցիոն սկանդալներով։
«Թուրան» գործակալությունը հիշեցնում է, որ դրանց նախապատրաստման փուլում արդեն խոսում էին ընդհուպ մինչև մի քանի միլիարդ դոլարի հափշտակման մասին: Այս ամենը, սակայն, չխանգարեց, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները Պատրիկ Հիքեին արժանացնեն երկրի բարձրագույն պարգևին` Փառքի շքանշանին:
«Ադրբեջանի ապագան պայծառ է, իսկ Բաքուն լիովին պատրաստ է Օլիմպիական խաղեր հյուրընկալելուն», - անցած տարվա ամռանը Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարում էր Պատրիկ Հիքեն: