20 տարվա դադարից հետո օլիմպիական չեմպիոն ունենալու փաստը երեկ գիշերը Հայաստանի երկրորդ քաղաքում վերածվեց տոնակատարության:
Գյումրեցիները Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից էին հետևում էին Արթուրի ելույթին:
«Սպիտակ արջ» Արթուրի հաղթանակը սպասված էր: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես հրապարակում էր հետևում ըմբիշի գոտեմարտին:
«Ինձ համար սա ցնծություն է: Ապրի՚ Արթուրը, ուրախացրեց բոլորին», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետը:
Նորաթուխ օլիմպիական չեմպիոնի մայրը՝ տիկին Շողիկը հրաժարվեց զրուցել «Ազատության» հետ՝ ասելով, թե որդուն խոստացել է որևէ լրատվամիջոցի հարցազրույց չտալ մինչև Արթուրի վերադարձը:
Այն մարզադպրոցը, որտեղ պարապել է Արթուրը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր վերանորոգել՝ պայմանով, որ այն կրի Արթուր Ալեքսանյանի անունը: Մարզադպրոցն անվանակոչվել է, բայց հիմնանորոգումը դեռ չի մեկնարկել:
Այդուհանդերձ, տարրական պայմանների բացակայությունն անգամ ծնողներին հետ չի պահում, որ երեխաներին ուղարկեն պարապելու:
«Էսպիսի վիճակում, որ մենք օլիմպիական չեմպիոն ենք տալիս, դա չտեսնված, չլսված բան է: Իսկ եթե մի փոքր ավելի լավ պայմաններ ունենային, ինչքան չեմպիոններ կունենայինք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի մարզիչ Արտյում Պետրոսյանը: