Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ ՀՔԾ-ում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են քաղաքացիներ Դ. Կ.-ն և Գ. Ա.-ն՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով», - ասված է հաղորդագրությունում։
Ծառայությունը հիշեցնում է, որ նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց՝ Վ. Մ.-ին և Ս. Կ.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
«Այսպիսով, 2016 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում 4 անձի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները», - ասված է հաղորդագրությունում: