ՀՀ հավաքականի մարզիկ, հունահռոմեական ոճում 98 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 3-0 հաշվով առավելության է հասել Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Ուգո Կաբրերայի նկատմամբ և նվաճել է Բրազիլիայում ընթացող Ամառային Օլիմպիադայի ոսկե մեդալը։
Արթուր Ալեքսանյանը Հայաստանի համար վաստակել է անցած երկու տասնամյակի ընթացքում առաջին ոսկե մեդալը։
Հայաստանի հավաքականի մեկ այլ ըմբիշ, 66 կիլոգրամ քաշային կատեգորիայում հանդես եկող Միհրան Հարությունյանը եզրափակիչում, մարզական մեկնաբանների կարծիքով, բավական վիճելի մրցավարության պայմաններում` զիջել է սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկին և վաստակել է արծաթե մեդալը։
Գերծանր քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Գոռ Մինասյանը երկամարտում 451 կիլոգրամ արդյունքով գրավել է երկրորդ տեղը և արծաթե մեդալ է ստացել։
Այդ կատեգորիայում ոսկե և բրոնզե մեդալները վաստակել են Վրաստանի հավաքականի մարզիկներ Լաշա Տալախաձեն (473 կգ) և Իրակլի Տուրմանիձեն (448 կգ)։
Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող երկրորդ մարզիկը` Ռուբեն Ալեքսանյանը նույնպես տպավորիչ պայքար է մղել և կարող էր հավակնել բրոնզե մեդալի։ Երկու վարժությունների արդյունքում բարձրացնելով 440 կիլոգրամ, նա գրավել է չորրորդ պատվավոր տեղը։
Նախօրեին արծաթե մեդալ է վաստակել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։
Այսպիսով, ՀՀ հավաքականը Բրազիլիայում տեղի ունեցող Ամառային Օլիմպիադայում օգոստոսի 18-ի առավոտվա դրությամբ ունի մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ և ընդհանուր հաշվով գրավում է 36-րդ տեղը։