Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր կնքել՝ այսօր Երևանում կայացած երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգույի բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
Ռուսաստանյան Тасс լրատվական գործակալությունը ներկայացնում է Անտոնովի խոսքերը՝ Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը գտնվում է եզրափակիչ փուլում և «համաձայնագրի իրականացումը թույլ կտա հստակորեն կարգավորել այդ ոլորտում համատեղ գործողությունները և խմբավորմանը ժամանակին ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ»: Այլ մանրամասներ Անտոնովը չի հայտնել:
«Խոսքը արդեն գործող միացյալ զորախմբի մասին է, որի քանակական և գործառույթային որոշակի փոփոխություններ են կատարվում, դինամիկ զարգացման գործընթաց է՝ տարիներ շարունակ իրականացվել է: Դրա մասին է խոսքը», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն, դեռ 2000թ․ սեպտեմբերին Սոչիում Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքվել է զորքերի համատեղ կիրառման մասին համաձայնագիր, որի հիման վրա էլ ստեղծվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը: Ըստ փաստաթղթի, խմբավորման նպատակն է՝ ընդհանուր հրամանատարության ներքո լուծել Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ պաշտպանության խնդիրները: Խմբավորումը բաղկացած է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորամասերից, տեղակայված է Հայաստանում, հրամանատարն է հայկական զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով նախագահ Սարգսյանի հրամանագրով անցած ամիս նշանակվեց այդ պաշտոնին:
Սեյրան Օհանյանի ու Սերգեյ Շոյգույի գլխավորած պատվիրակությունները հանդիպեցին այսօր առավոտյան՝ Երևանին մոտ գտնվող և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցում: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, քննարկել են անգամ Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները, սակայն որևէ խոսք չկա ղարաբաղյան հակամարտության կամ այն մասին, որ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի խաղաղ բնակավայրերը:
Ռուսաստանի պաշտպանությանը նախարարը, ով Երևան է ժամանել Բաքվից, հրաժարվեց պատասխանել հայաստանցի լրագրողների հարցերին, թեև Ադրբեջան Շոյգուի այցի արդյունքում հայտարարվել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նախատեսում են «զգալիորեն ընդլայնել և հստակեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը»:
Շոյգուն Երևանում մասնակցում էր նույն՝ «Մուլտի գրանդ» հյուրանոցում առավոտյան մեկնարկած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Դաշինքի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քառօրյա պատերազմից հետո հավաքվում էին առաջին անգամ, և դարձյալ՝ Հայաստանի անվտանգությանն առնչվող սպառնալիքներին որևէ հրապարակային անդրադարձ չեղավ, փոխարենը, ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, լրագրողների համար փակ նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիներում, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը:
Այս նույն ձևակերպումներն էր պարունակում Սեյրան Օհանյանի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի համատեղ հայտարարությունը, որն ընթերցեց Հայաստանի պաշտպանության նախարարը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը խուսափում է անդրադառնալ իր անդամ Հայաստանի առջև ծառացած սպառնալիքներին, որովհետև քառօրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ դաշինքը գոյություն ունի միայն թղթի վրա:
«Չտեսնված բան է, երբ դաշնակից երկիրը բացահայտ կանգնում է ռազմական սպառնալիքի առջև և կոլեկտիվ անվտանգության համակարգում նրա դաշնակիցները քաղաքական դիրքավորման առումով պաշտպանում են հակառակորդին, ռազմատեխնիկական համագործակցության առումով զինում են նրան, և հետևաբար, եթե մի փոքր ավելի խորը ձևակերպենք, ստացվում է, որ ՀԱՊԿ-ը նույնիսկ Հայաստանի համար թշնամական կառույց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը: