Ռուսական «Իզվեստիա» թերթն այսօր «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը ինչ և Ադրբեջանին» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշված է, որ երկու հարյուր միլիոնանոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին արդեն սկսվել է։
Սակայն պաշտոնական Մոսկվան ու Երևանը ժամկետների ու մատակարարվող զենքի տեսակի մասին մանրամասներ չեն հայտնում։
Հեղինակը գրում է, որ զենքի մատակարարումից բացի ռուսական կողմը զբաղվելու է նաև այդ զենքը սպասարկող հայ մասնագետների վերապատրաստմամբ: Ընդ որում, «Իզվեստիան» զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը։
Փորձագետների կարծիքով խոսքը ծանր սպառազինության մասին է, որի առկայությունը զգալիորեն կուժեղացնի հայկական բանակը։ Սրա հետ մեկտեղ «Իզվեստիան» շեշտում է, որ թեև մատակարարումը սկսվել է, այդուամենայնիվ՝ զինատեսակների վերջնական ցուցակը դեռ համաձայնեցված չէ։ Թեև պաշտոնական Երևանը հրաժարվել է մանրամասնել թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, ռուսական թերթը գրում է, որ Հայաստանը մտադիր էր Ռուսաստանից գնել նախ և առաջ «Սմերչ» և «Սոլնցեպյո»կ համակարգերը, «ԻԳԼԱ – ԷՍ» հրթիռային համակարգը, ռադիոտեխնիկական «Ավտոբազա ԷՄ» համակարգը, «Տիգր» զրահամեքենաներ։
«Իզվեստիան» մեջբերում է նաև օգոստոսի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։ Պուտինը, հիշեցնենք, ասել էր՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ ում, և որ Ռուսաստանը ունի պարտավորություններ և միշտ իր պարտավորությունները կատարում է:
Ռազմական հարցերով փորձագետ Անդրեյ Ֆրոլովը թերթին ասել է, որ Մոսկվան Հայաստանին տրամադրում է նույն այն զենքը, ինչ ավելի վաղ գնել էր Ադրբեջանը: Այդ զենքը, իհարկե, կուժեղացնի հայկական կողմին, սակայն միևնույն է՝ Բաքուն կպահպանի որոշակի առավելություն, կարծում է փորձագետը։
«Հայաստանի և Ադրբեջանի բյուջեների տարբերությունը շատ մեծ է։ Այս պայմաններում հնարավոր է միայն հստակ հասցեագրված ներդրումներով իրավիճակը չհասցնել կրիտիկականի»,- ասում է ռուսաստանցի փորձագետը։
Փորձագետը նաև հիշեցնում է, որ 2011-2012 ին կնքված համաձայնագրերով Ռուսաստանը Ադրբեջանին շուրջ չորս միլիարդ դոլարի զենք էր վաճառել։
«Ազատությունը» այսօր փորձեց զենքի մասին տեղեկություն ստանալ Երևանում անցնող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքին մասնակցող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից, սակայն նա ընդհանարապես հրաժարվեց հայ լրագրողների հետ շփումից։