Ավելի քան մեկ ու կես տարի քննելով Ավետիսյանների սպանության գործը, իրավապահ մարմինները և դատարանն այդպես էլ չկարողացան լիարժեքորեն բացահայտել հանցագործությունը: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան՝ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Երեկ դատախազը միջնորդեց սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով և ցմահ ազատազրկման դատապարտել: Մեկ տարի առաջ՝ օգոստոսի 12-ին, ռուսական զինվորական տրիբունալը դասալքության, ապօրինի զենք կրելու ու հափշտակելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկման էր դատապարտել Պերմյակովին:
«Դատաքննության ընթացքում այդպես էլ պատասխաններ չստացան մի քանի կարևոր հանգամանքների վերաբերող հարցեր, առանց որոնց մենք չենք կարող համարել, որ դատաքննությունն օբյեկտիվ է: Մասնավորապես, մեզ համար այդպես էլ անհասկանալի է մնում կրակոցները լսելու-չլսելու հանգամանքը, որովհետև դատաքննության ընթացքում վկաներն, ըստ էության, հայտնեցին, որ իրենք կրակոցի ձայն չեն լսել: Հաշվի առնելով, որ ըստ գործի նյութերի, 28 կրակոց է արձակվել ինքնաձիգից, մանավանդ, որ փորձաքննությունն էլ եզրակացրել էր, որ խլացուցիչ չի օգտագործվել, նման պարագայում ձայները չլսելու հետ կապված հանգամանքը մեզ համար բավական մտահոգիչ է»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա հիշեցրեց՝ դատաքննության ընթացքում Պերմյակովը հրաժարվել է պատասխանել հարցերին: «Պերմյակովի կողմից Ավետիսյանների տուն հասնելը, տնից դուրս գալը և երկար ժամանակ ձմեռվա պայմաններում թաքնվելը, թաքստոցում նրա գտնվելը հիմնավորող փաստերի բացակայությունը նույնպես մնում է չբացահայտված, որովհետև, եթե Ավետիսյանների տանը 15 րոպեի ընթացքում, ենթադրենք, ինքը հասցրել է ծխել, ապա առնվազն 7-8 ժամ գտնվել է սահմանամերձ շինությունում, սակայն, այնտեղ ծխախոտի որևէ գլանակ այդպես էլ չի հայտնաբերվել»,- համադրում է իրավապաշտպանը:
«Վալերի Պերմյակովն այդպես էլ ներկա չգտնվեց դեպքի վայրում իրականացվող քննչական փորձարարությանը»,- հիշեցրեց իրավապաշտպանը, շարունակելով՝ «Քննչական փորձարարության ընթացքում, մինչդեռ, Պերմյակովը ցույց կտար իր գործողությունների հերթականությունը: Բայց դա [փորձարարությունը] իրականացվել է ոչ թե Ավետիսյանների տանը, այլ ռուսական բազայում կառուցված մակետում: Մենք միջնորդեցինք, որ այդ փորձարարությունն անցկացվի նաև Ավետիսյանների տանը, դատարանը մերժեց, Պերմյակովը հրաժարվեց փորձարարությանը մասնակցելուց, իսկ դրա արդյունքում մենք կարող էինք շատ ավելի հստակ պատկերացում ունենալ՝ արդյո՞ք ինքը կարողանում է վերարտադրել այն ամենը, ինչ կար»:
Ըստ Արթուր Սաքունցի, նախաքննության և դատաքննության ընթացքում չպարզաբանված մնացին մի շարք այլ հանգամանքներ ևս: «Ռուսական բազայի հրամանատարը, որը ներկայումս Հայաստանում չէ, նաև Պերմյակովի անմիջական հրամանատարը, այն անձը, որը Պերմյակովին Ռուսաստանից տեղափոխել է Հայաստան՝ այստեղ ծառայելու, նրան դատարան չկանչելը նույնպես բավական անպատասխան հարցեր է թողնում՝ ռուսական բազայի հրամանատարության պատասխանատվության տեսակետից»,- մասնավորապես, նշեց Սաքունցը: