Ենթադրաբար ռուսական հաքերային խումբը օգոստոսի 12-ին համացանցում հրապարակել է փաստաթղթեր, որոնք գողացվել են Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության ընտրական հանձնաժողովի սերվերներից: Այդ փաստաթղթերում առկա են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների անձնական տվյալներ, այդ թվում՝ հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ:
Հանձնաժողովի ներկայացուցիչները դեռևս չեն հաստատում հրապարակված նյութերի վավերականությունը, բայց կոչ են անում Կոնգրեսի անդամներին՝ չբացել էլեկտրոնային այն նամակները, որոնք ուղարկվել են անհայտ անձանցից, ինչպես նաև՝ չպատասխանել անծանոթ համարներից ստացվող զանգերին, նաև՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել էլեկտրոնային հասցեների պաշտպանության հուսալիության բարձրացման ուղղությամբ:
Նշված փաստաթղթերի գաղտնազերծման պատասխանատվությունը ստանձնել է «Գուցիֆեր» մականունով մի հաքեր, սակայն, ամերիկյան իրավապահները, տեղի մամուլի տվյալներով, գրեթե համոզված են, որ այդ մականվան տակ թաքնված է ռուսաստանյան ռազմական հետախուզության հետ կապեր ունեցող հաքերային խումբը:
Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆֆը համոզմունք է հայտնել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կհայտնաբերեն այն անձանց, ովքեր պատասխանատվություն են կրում այդ ակցիաների համար: «Ես հույս ունեմ, որ վարչակազմն այդ ամենից հետո գաղտնազերծելու է տեղեկատվությունն այն մասին, թե ով է փորձում խառնվել ամերիկյան քաղաքական գործընթացներին, և որ այդ քայլերը նրանց համար լուրջ հետևանքներ կունենան»,- հայտարարել է Շիֆֆը:
Սա Դեմոկրատական կուսակցության դեմ հաքերային հարձակման առաջին դեպքը չէ՝ Wikileaks-ի խումբն անցած շաբաթներին գաղտնազերծել էր մի քանի տասնյակ էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք, մասնավորապես, վերաբերում են Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի անդամներին: Այդ փաստաթղթերի համաձայն, կուսակցության վերնախավը Քլինթոն-Սանդերս ընտրապայքարի ժամանակ, անտեսելով կուսակցության ներքին կանոնակարգը, լուրջ աջակցություն է ցուցաբերել նախկին պետքարտուղարին՝ ի վնաս Բերնի Սանդերսին: