Մոսկվայում հային ու ղրղզին սպանողները «ենթադրաբար» սափրագլուխներ են

Ռուսական դատարանում հերթական հարձակման համար դատում են սափրագլուխ երիտասարդների, արխիվ

Մոսկվայի իրավապահները որոնում են ուրբաթ լուսադեմին Ռյազանյան պողոտայում գարեջրի վաճառքի կետի մոտ երկու մարդու սպանություն կատարած մի խումբ երիտասարդների:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հնարավոր է՝ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Ականատեսների վկայությամբ, ուրբաթ վաղ առավոտյան ժամը 5-ի սահմաններում ինչ-որ երիտասարդներ են մոտեցել գարեջրի վաճառքի կետի մոտ իր օգնականի հետ նստած սեփականատիոջը՝ ծնունդով Հայաստանից 69-ամյա Լև Քամալյանին: Նրանց միջև լեզվակռիվ է ծագել, ինչից հետո երիտասարդներից մեկը գրապանից հանել է դանակն ու հարվածել Քամալյանի սրտին: Վերջինս տեղում մահացել է:

Հանցագործների երկրորդ զոհն է դարձել առևտրային կետի հաճախորդը՝ Ղրղզստանի քաղաքացի, 36-ամյա Նուրիկ Մունդուզովը, Նրան նույնպես սպանել են դանակի հարվածով: Հանցագործության ականատես է դարձել 29-ամյա Ալեքսանդրը, ով իջել է մոտոցիկլից, փորձելով կանխել երիտասարդների փախուստը, սակայն չի հաջողել: «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ՝ ականատեսին հաջողվել է մտապահել հանցագործների դեմքերը:

Որոշ լրատվամիջոցների տվյալներով, մարդասպանները սափրագլուխներ են (սքինհեդներ), նրանց հագին զինվորական կոշիկներ են եղել: