Գյուղապետերն ընդունում են առաջադրված մեղադրանքները, բայց պնդում են, որ գործել են հանուն համայնքի

Արզականի գյուղապետարանի շենքը

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, լիազորություններն էլ դադարեցված չեն:

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կոտայքի մարզի եկու գյուղապետի․ Արզական համայնքի ղեկավարն ու նրա տեղակալը մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, Քաղսիի գյուղապետը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և յուրացումներ կատարելու մեջ։

2015-ի նոյեմբերին մարզում ուժգին քամին տնտեսություններին վնաս էր պատճառել։ Նախաքննությունը պարզել է, որ գյուղապետերն ուռճացրել են պատճառված վնասի չափերը։ Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը գյուղապետարանում չէր, «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ ընդունել է մեղքը՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար։ «Անտեղի ոչինչ չի լինում, կա խնդիր, կա մեղադրանք, կան սխալներ, կան բացթողումներ և դրա արդյունքում ստացվել ա էն, ինչի մասին դուք տեղյակ եք»,- ասաց Մովսիսյանը:

Նրա խոսքով, հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ չէ՝ եղել են մարդիկ, որոնք կառավարության գնահատմամբ չեն տուժել, մինչդեռ՝ իրականում վնասներ են կրել։ Գյուղապետն էլ ընդհանուր գումարից նրանց էլ է հատկացում արել։ «Մարդիկ են եղել, որոնք էդ օրը չեն ընդգրկվել ցուցակներում, երկրորդ-երրորդ օրն են դիմել, ասել են՝ եթե փող կլինի՝ կլինի: Էդ 34-ից՝ որոշակի մարդկանցից գումար ենք հավաքել և փակել ենք էդ մարդկանց վնասները՝ փորձելով մեղմել ընդհանուր իրավիճակը»,- պարզաբանեց Արզականի գյուղապետը:

Արզականցիներն էլ տեսակետ հայտնեցին կատարվածի վերաբերյալ։ Գյուղի բնակչուհիներից մեկն ասաց՝ «Էդ ուղղակի չուզողություն են արել, կեղտոտ մարդիկ շատ կան, գյուղ կա՞, որ շուն չլինի»: Արզականի գյուղապետն, ի դեպ, հրաժարվել է պաշտպանից։

Ի տարբերություն Նորայր Մովսիսյանի, Քաղսիի գյուղապետը՝ Սահակ Ալեքսանյանը հրաժարվեց «Ազատությանը» մեկնաբանություն տալ՝ հորդորելով խոսել իր փաստաբանի հետ։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ մեղադրանքն առնչվում է մոտ 2 մլն դրամի ոչ նպատակային ծախսին: Այդ գումարը, փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալն անձնական կարիքների համար չի օգտագործել։ «Խոսքն այդ գումարը գրպանելու մասին չէ, այսինքն՝ յուրացման կլասիկ տարբերակի մասին չէ խոսքը, այլ ոչ արդյունավետ ծախսելու: Ընդ որում, ծախսերը կատարվել են հենց համայնքի վրա․․․հարցն այն է, թե նպատակայի՞ն են ծախսերը, թե ոչ»,- ասաց փաստաբանը:

Քաղսիի բնակիչները թեև չեն բացառում, որ իրենց գյուղապետը յուրացում կատարած լինի, սակայն, իրավապահներին հորդորում են՝ ուշադրությունը կենտրոնացնել ավելի խոշոր հանցագործությունների վրա՝ «Ձուկը գլխից է նեխած, գյուղապետից ի՞նչ են ուզում»:

Երկու գյուղապետերի և նրանցից մեկի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Նրանց լիազորությունները դադարեցված չեն։