«Իշխանափոխություն պետք է, բայց ոչ էդ ձևով [ապստամբությամբ], ես կուզենայի, որ ամբողջ ժողովուրդը կանգներ ոտի, առանց արյունահեղություն, առանց ջարդերի, ուղղակի իշխանափոխություն աներ»,- «Ազատության» հետ զրույցում ասում է ծաղկաբերցիներից մեկն ու անմիջապես էլ հավելում՝ «չնայած տենց բան բացառվում է, պատմության մեջ տենց բան չի եղել»:
Ծաղկաբերի հանրապետական գյուղապետ Արծրուն Սանթրոսյանը մասամբ է համամիտ համագյուղացիների հետ: Ասում է՝թեև երկրի սոցիալ-տնտեսական վիճակն իսկապես բարվոք չէ, բայց, միևնույն ժամանակ, գործող իշխանությանն այլընտրանք չի տեսնում: «Մեր գյուղացիներն ասում են․․․բայց չեն ասում՝ էսօր ո՞վ լինի նախագահը, էսօր խառը, շատ վատ վիճակ ա՝ Ադրբեջանն էս ա պահանջում, գերտերություններն ասում են՝ սենց պիտի լինի, զիջումներ պիտի լինի, էս վիճակից ո՞վ կարա ավելի լավ դուր գա՝ Սեր Սարգսյա՞նը, թե․․․թող իմ գյուղացիներն ասեն՝ոչ, Սերժ Սարգսյանը չէ, այլ էս մարդը: Իրանից լավ ոչ մեկը չի կարա էս վիճակից դուրս գա»,- ասում է գյուղապետը:
Ծաղկաբերում է բնակվում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված՝ «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամներից Արմեն Լամբարյանի քույրը՝ Լուսինե Լամբարյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե հպարտ է, որ ինքը «Սասնա Ծուռ»-ի քույր է: «Ես հպարտ եմ, որ ինքն էդ քայլին գնացել ա հանուն ժողովրդի, որովհետև ինքը հերոս ա, ինքը 16 տարեկանից Ղարաբաղում կռվել ա, իհարկե հպարտ եմ»,- ասաց Արմեն Լամբարյանի քույրը: Նրա կարծիքով՝ գյուղացիները պատրաստ են ընդվզել սոցիալական անդարդարության դեմ, պարզապես սպասում են ճակատագրական պահին, որը, ըստ նրա, շատ մոտ է:
Վարկերի տակ կքած ծաղկաբերցիները պատմում են, որ հազիվ են հասցնում մարել բանկերից վերցված վարկերի տոկոսները, մի կերպ օրվա հացի խնդիր են լուծում: «Ազատության» հետ զրույցում նրանք թվարկում էին գուղի՝ անուշադրության մատնված խնդիրներն ու մատնանշում այն դժվարությունները, որոնք ստիպված են ամեն օր հաղթահարել՝ պարզ գոյատևման խնդիր լուծելու համար:
Անգամ հանրապետական գյուղապետն է խոստովանում՝ վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական վատ պայմանների պատճառով 9 ընտանիք գյուղից արտագաղթել է: Ներկայում էլ՝ համայնքի տղամարդկանց մեծամասնությունը, այդ թվում և իր հարազատները, արտագնա աշխատանքի են մեկնել: «Էնդեղ աշխատած փողը որ բերում են էստեղ, անմիջապես վերջանում ա․․․բայց ստիպված են գնալ»,- ասում է գյուղապետը: