Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ՝ ռազմամթերքի մատակարարման հարցով և կատարում է իր պարտականությունները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարումների մասին հայ լրագրողի հարցին:
«Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք»,- ասել է Պուտինը․ - «Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտականություններ, և Ռուսաստանը իր պարտականությունը մշտապես կատարում է»:
Ռուսաստանի ղեկավարը նաև հավելել է, որ զենքի վաճառքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է ցանկացած զենք գնել:
«Եվ ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից», - ասել է Պուտինը՝ միաժամանակ հավելելով, որ խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով: