Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանը մեղադրվում է Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու համար։
«Մեղադրանք է առաջադրված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ծանր հոդվածով երկրորդ մաս են դրել: Էնտեղ ասում է, թե ոստիկանության նկատմամբ բռնություն, հրկիզում․․․ Որևէ ապացույց քննիչի կողմից դատարանին չներկայացվեց, որ իմ պաշտպանյալը նման արարք է գործել։ Տեսանյութերում հստակ երևում է, որ Արարատ Խանդոյանը միայն հանգստացրել է, հանդարտման կոչեր է հնչեցրել։ Այսօր գտնում ենք, որ իր եղբոր համար է ինքը կալանավորվածմ այս ամեն ինչը ապօրինի որոշում է: Ութ տարուց ավել պատասխանատվություն է նախատեսվում, բայց որևէ ապացույց չունի վարույթն իրականացնող մարմինը նման մեղադրանքը հիմնավորելու համար», - ասաց Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ պատրաստվում է ապօրինի կալանավորման հարցով Եվրոպական դատարան դիմել։
Ե՚վ փաստաբանը, և՛ Խանդոյան եղբայրների մայրը՝ Ռիմա Խանդոյանը, պնդում են, որ Արայիկն ու Արարատը առողջական խնդիրներ ունեն։
Ղարագյոզյանի փոխանցմամբ, Արայիկ Խանդոյանից օրերս ակնոցն են առգրավել․ - «Ես երեկ միջնորդություն եմ ներկայացրել ակնոցները հետ վերադարձնելու մասին, բայց մինչև հիմա թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ Հատուկ քննչական ծառայությունը որևէ արձագանք չեն տվել: Էդ ակնոցի մեջ հանցագործության որևէ տարր չկա, մարդը զրկված է տեսողությունից, չի կարող գրել, իր բողոքը համապատասխան մարմինների ուղղել»։
«Արարատիս վաբշե առողջություն չկա, հինգ հատ ավտոմատի պուլը փորից են հանել, նրա առողջական վիճակը շատ վատ է, հիմա ավելի բարդացրին: Իրա մե պոչկան հեռացված է, իրա լյարդի մեկ չորրորդ մասը հեռացված է, փայծաղ չունի, հաստ աղին 30 սմ պլասմաս է դրված», - ասաց Խանդոյանների մայրը՝ շարունակելով․ - «Արայիկս ծանր վիրավորված, վերևից խփել են նորից իրա էն վիրավոր ոտքին, որը տարիներ առաջ, վեց-յոթ տարի առաջ է կաստիլները ձեռքից վայր դրել։ Ինքը միշտ ասել է՝ Ղարաբաղն իմ էությունն է, իմ ազգը իմ էությունն է, ես իմ ազգի պաշտպանն եմ: Դե հիմա եթե գնահատում են ազգի դավաճան, իրանց հետ են համեմատում, էլ ասելու բան չունեմ»:
Մոր պնդմամբ՝ Արարատին կալանավորել են միայն նրա համար, որ «Միայնակ գայլի» եղբայրն է: Նա ասաց, որ եթե դատարաններն արդար որոշում չկայացնեն, կհրաժարվի իշխանության տված բնակարանից ու պարգևներից․ - «Բնակարան են տվել, էդ բնակարանն էլ կհանձնեմ իրանց, էդ կոչումներն էլ կհանձնեմ իրանց: Ես, որպես հերոսի մայր, ստացել եմ նախարարի ձեռքից Ծովակալ Իսակով մեդալը, էդ պարգևներն բոլորն իրանց: Երկրապահից մեդալ ունեմ, և ունեմ բազմազավակության։ Ես ունեմ հինգ որդի, չորսը մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: Մեծ տղաս զոհվել է, Արայիկին ամբողջ աշխարհն է ճանաչում, ինձ ամեն օր էնդեղանքից զանգեր են գալիս՝ որ, մայրիկ ջան, չընկճվես, մենք բոլորս Արայիկ ենք»:
Դատարանի բակ մի խումբ ակտիվիստներն այսօր «Սասնա ծռերին» սատարող գրություններով պաստառներ էին բերել։ Նրանք պնդում էին, որ Խանդոյան եղբայրներն անհապաղ պետք է ազատ արձակվեն։
«Ամբողջը քաղաքական բնույթ է կրում, ու բոլոր վճիռները Բաղրամյան 26-ից է գալիս, քաղաքական վճիռներ են: Մեր արդարադատության համակարգը լավ իմանալով՝ ես չեմ հավատում, որ որևիցե դատավոր կարող է դեմ գնալ Սերժ Սարգսյանին», - «Ազատությանն» ասաց ակտիվիստներից մեկը: