Սերժ Սարգսյանը լուծարեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահի կարգադրությունում մասնավորապես ասված է. - «Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը: Ուժը կորցրած ճանաչել նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆԿ-139-Ն կարգադրությունը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին: Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար»։

Կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: