«Հաց բերողի» ընկերները տորթ էին բերել քրեակատարողական հիմնարկ

Մեքենայով ոստիկանական պատնեշը ճեղքելով «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր հավաքվել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց՝ ծննդյան օրվա առթիվ տորթ ուղարկելու իրենց կալանավորված ընկերոջը:

Այսօր 48-րդ տարեդարձը նշող փայտագործ Արթուր Սարգսյանը կալանավորվել է զինված խմբին օժանդակելու մեղադրանքով: Հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո օրեր շարունակ լուրեր էին շրջանառվում, որ խումբը զրկված է սննդից, դրանից հետո էլ՝ հուլիսի 25-ին, ղարաբաղյան պատերազմի մասնակից Արթուր Սարգսյանը սեփական ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական շղթան ու մուտք գործել գրավյալ ՊՊԾ գնդի տարածք՝ սնունդ հասցնելով այնտեղ գտնվողներին։

«Հաց բերող» անունը ստացած Սարգսյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների խումբն այսօր հայտարարել է, որ սնունդ հասցնելու համար ոստիկանական պատը ճեղքելիս Սարգսյանի մեքենայի վրա ավելի քան չորս տասնյակ կրակոց է արձակվել և նա հրաշքով է անվնաս մնացել: «Հաց բերողի» եղբայրն այսօր հայտարարեց, որ Սարգսյանը պատերազմի տարիներից հաշմանդամություն ունի և հիմա էլ հատուկ խնամքի կարիք կա:

«Բացի ուղեղի դատողությունից մնացածը սաղ վնասվածա, իրան հատուկ ուշադրությունա պետք, որ էդ մարդու թեկուզ նասկին հագցնի և այլն և այլն», - ասում է Արսեն Սարգսյանը՝ Արթուր Սարգսյանի եղբայրը:

Ընկերները պատմում են, որ Վերնիսաժում, որտեղ իր աշխատանքներն է վաճառել փայտագործ Սարգսյանը, այս օրերին շատերն են գալիս նրա աշխատանքները գնելու:

«Հաց բերողի» ընկերները հայտարարեցին, որ պատրաստվում են առաջադրել նրան որպես «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության թեկնածու: