Երևանի ոստիկանապետին խիստ նկատողություն է հայտարարվել

Պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ

Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ստորև ներկայացնում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ:

Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ:

1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել.

- ԵՔ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հրայր Հայրապետյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մկրտիչ Անտոնյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանին:

2. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ծառայությունը պատշաճ չկազմակերպելու, հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրավիճակից բխող միջոցներ չձեռնարկելու, ինչպես և քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը ժամանակին չկանխելու համար հայտարարվել է.

- 1032 զորամասի ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Նազարեթ Գևորգյանին՝ խիստ նկատողություն.

- ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Ռոման Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.

- ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.

- ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի /1032 զորամաս/ 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Վարդգես Պողոսյանին` նկատողություն.

- նույն գնդի ՀԿՊ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արման Մնոյանին՝ նկատողություն.

- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հունանյանին` նկատողություն.

- ՀԿՊ 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահան Մամյանին` նկատողություն.

- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Հրաչ Մարկոսյանին` նկատողություն.

- ՀԿՊ 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Գոռ Առաքելյանին` նկատողություն:

3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ծառայողական քննության արդյունքներով ձեռք են բերվել տեղեկություններ ոստիկանության մի շարք ծառայողների կողմից անհամաչափ ուժ գործադրելու դեպքերի վերաբերյալ, ՀՀ ոստիկանության պետի հրամանով դադարեցվել են հետևյալ ծառայողների լիազորությունները.

- ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյան.

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Արմեն Հարությունյան.

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյան,

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյան.

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Գևորգյան:

Հիշյալ անձանց վերաբերյալ ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն`նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու, անբավարար օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքի, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ԵՔՎ Նոր Նորքի և Էրեբունու բաժինների պետերից բացի, պաշտոնից ազատվել են.

- Լոռու ՄՎ Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարուն Պողոսյանը: