ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընթացող ծառայողական քննության շրջանակներում, մինչ այս պահը առկա նախնական արդյունքներով չի պարզվել գոնե մի դեպք, որ ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ:
Լրագրող Թեհմինե Ենոքյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասել էր, որ համադրելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարները հուլիսի 29-ի գիշերվա կադրերի հետ, նույնականացրել է հրապարակային տարբեր միջոցառումների ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողքին կանգնած Արշակ անունով մի տղամարդու և «Ֆեյսբուք»-ում Գագո Զոհրաբյան անունով ներկայացող մեկ ուրիշին: Ենոքյանը վկայակոչում է «Civilnet»-ի տեսանյութը, որում իր նույնականացրած տղամարդիկ հուլիսի 29-ին Սարի թաղում հրահանգներ են տալիս մահակներով զինված խմբին:
Այս առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ՀՀ ոստիկանության պետի ցուցումով, որպես օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակից կատարել է իր ծառայողական պարտականությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ: Այդ օրը բռնություն է գործադրվել նաև Գ. Զոհրաբյանի նկատմամբ»:
Լուսանկարները հրապարակելուց հետո Թեհմինե Ենոքյանը սկսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով սպառնալիքներ ստանալ «Պավել Սասունյան» անունով օգտատիրոջից և այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին: Ոստիկանությունը նշում է, որ Գագիկ Զոհրաբյանը որևէ առնչություն չունի՝ «լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում «ոմն Պավել Սասունյանի» դրսևորած խուլիգանական վարքագծի հետ»:
«Նկատի ունենալով, որ հայտնի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է քրեական գործով քննություն, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այլ տեղեկություններ կհրապարակվեն դրանց ավարտից հետո», - նաև ասված է հաղորդագրությունում: