«Մոտակա ժամանակներում տարածաշրջան այցելելու հատուկ ծրագիր մենք չունենք, սակայն, նախագահների հանդիպումը կազմակերպելու համար, մենք մշտական կապի մեջ ենք կողմերի հետ», - ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Օրերս ԱՄՆ կենգրեսական Ջիմ Կոստան հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը օգոստոսին հանդիպելու են Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ժան-Մարկ Էրոյի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Պարզաբանելով Ջիմ Կոստայի այս հայտարարությունը՝ Ուորլիքն ասել է. - «Մենք գնահատում ենք Կոստայի հետաքրքրվածությունը՝ մեզ հետ միասին գտնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղիները։ Հանդիպումները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում արդյունավետ են եղել, դրանք օգնեցին նվազեցնել բռնությունները շփման գծում, նպաստեցին թարմացնել բանակցությունների էությունը, նվազեցրեցին բախումների վերսկսման հավանականությունը, որը շատ կարևոր է նախագահների հետագա հանդիպումը կազմակերպելու համար», - ասել է ամերիկացի համանախագահը՝ շարունակելով. - «Համանախագահները հակված են նախագահների միջև երկխոսության շարունակմանը և ուսումնասիրում են երկու առաջնորդների հանդիպման հնարավորությունը»։