Վարչապետ․ Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ

Հայաստանի իշխանությունները խոստովանում են, որ չնայած պաշտոնապես հռչակվող տնտեսական աճին, բնակչության բարեկեցությունը չի բարձրացել:

Այսօր կառավարության նիստի սկզբում նման հայտարարություն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ խոսում էր տնտեսության մեջ գրանցված «որոշակի հաջողությունների» մասին․ - «2015-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը: Սակայն առաջին կիսամյակի արդյունքներով, կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին: 2016 թվականի հունվար - հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով»:

Աբրահամյանի խոսքով, ճիշտ է՝ արդեն իսկ արդյունքեր է տալիս արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականությունը, ինչի հետևանքով աշխուժացել է արտաքին առևտրաշրջանառությունը, սակայն բարեկեցության բարձրացման մասին խոսելը դեռ վաղ է․ - «Միաժամանակ կրկին հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխությունների իր կենսամակարդակում»:

2009 թվականի տնտեսական խորը՝ 14.1 տոկոսոց անկումից հետո Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, տնտեսական աճը երբեք չի դադարել: Բայց, չնայած այդ աճին, երկրի տնտեսության ծավալները՝ համախառն ներքին արդյունքը, 2015-ին 10.5 միլիարդ դոլար էր (ըստ ԱՎԾ տվյալների), այսինքն՝ ավելի քիչ, քան ճգնաժամաից առաջ՝ 2008-ին, երբ այն կազմում էր 11.9 միլիարդ դոլար:

Բացի այդ, նախորդ երեք տարիներին Հայաստանում գործազուրկների թիվը միայն աճել է: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2013-ին Հայաստանում գործազուրկ էին 224․6 հազար մարդ, 2014-ին՝ 242.1 հազարը, իսկ 2015-ին՝ է՛լ ավելի շատ՝ 243.7 հազար մարդ:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն «անհիմն» բնութագրեց տնտեսական ակտիվության կապակցությամբ կառավարության «ոգևորությունը», քանի որ նախորդ չորս տարիների (2012-2015) տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը ավելի բարձր է եղել՝ 4.9 տոկոս, քան գրանցվել է այս տարվա հունվար-հոնիսին՝ 4.7 տոկոս (ըստ ԱՎԾ-ի)․ - «Արտառոց որևէ երևույթ տեղի չի ունեցել, տնտեսությունը նույն տրամադրությամբ կամ մտայնությամբ աշխատում է, և որևէ արտակարգ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հատկապես երբ որ ես տնտեսական վերլուծություններ եմ կատարում, ինձ հետաքրքրում է, թե ի վերջո դա սովորական քաղաքացուն ինչ է տվել: Այսինքն՝ աշխատատեղեր ավելացե՞լ են, թե՞ չէ, եկամուտները ավելացե՞լ են, թե՞ չէ: Երբ որ այս երկու ցուցանիշների համեմատություն ենք իրականացնում, պարզվում է մեզ մոտ էլ է 18 տոկոս գործազրկություն»:

Խաչատրյանի խոսքով, այն, որ պաշտոնապես գրանցված տնտեսական աճը, նույն իշխանությունների խոստովանությամբ, չի հանգեցրել բնակչության բարեկեցության աճին, պարզորոշ վկայում է, որ երկրում ստեղծվող բարիքի մեծագույն մասը կլանում են օլիգարխները․ - «Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը ավելի հարստացնում է մոնոպոլիաներին, կամ հարուստներին, կամ օլիգարխիայի ներկայացուցիչներին, կամ իշխանության ներկայացուցիչներին, որոնք հովանավորում են դրանց: Եվ երկրորդը, Հայաստանում իրական աճ գոյություն չունի, և դա հենց արտահայտվում է նրանում, որ մարդկանց բարեկեցությունը չի բարձրանում, գործազրկությունը չի պակասում»: