Ստամբուլահայ լրագրող, հայկական «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննությունը նոր թափ է ստացել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Գործի քննության շրջանակներում ձերբակալվածների թիվը հասել է 27-ի: Առաջին անգամ ժանդարմերիայի աշխատակիցներ են ձերբակալվել:
Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի հետախուզական վարչության աշխատակից Յավուզ Բոզջան դատարանի որոշմամբ ազատ է արձակվել երկիրը չլքելու պայմանով, իսկ մյուսին՝ Աբդուլահ Դինչին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը խախտելու փորձ կատարելու, ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու և կանխամտածված սպանություն կատարելու հոդվածներով:
Մյուս ձերբակալվածներևը ցուցմունք տալու համար ուղարկվել են Ստամբուլի արդարադատության պալատ:
«Ակօս» պարբերականի փոխանցմամբ` Դինքի սպանության գործով նախօրեին ձերբակալվել է նաև լրագրող Էրջան Գյունը, որը ավելի վաղ ձերբակալվել էր գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով, ապա ազատ արձակվել:
Այս գործով ավելի վաղ կալանավորված պետական պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 8-ին:
Ուշագրավ է, որ Դինքի սպանության գործի հետաքննությունը վարող դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ժանդարմերիայի աշխատակիցներին կալանավորելու համար դատարանին ուղարկած գրության մեջ հանցագործության մասին ասել է, թե «այն արձակված առաջին փամփուշտն էր հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմանը տանող ճանապարհին»:
Հայազգի լրագրողի սպանությանը «զուգահեռ պետության» մասնակցության մասին տարեսկզբին բարձրաձայնել էր Թուրքիայի ներկայիս պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Նա պնդել էր, թե գործի հետաքննությունը միտումնավոր ձգձգվել է, քանի որ այդ կառույցի անդամները ամեն ինչ արել են այն ստվերելու համար:
Ըստ թուրքական մամուլի, հուլիսի 15-ի իրադարձություններից հետո իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի գլխավորած կառույցի դեմ սկսված լայնածավալ պայքարը կարող է լույս սփռել նաև Հրանտ Դինքի սպանության գործի վրա:
Հիշեցնենք, պաշտոնական Անկարան հուլիսի 15-ի ռազմական ձախողված հեղաշրջման փորձից հետո արդեն երկու անգամ դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին` պահանջելով Թուրքիա արտահանձնել Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական ազդեցիկ գործիչին: Իշխանությունները պնդում են, որ հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցությանը վերաբերող լուրջ փաստեր ունեն: