Հուլիսի 31-ին իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր անդամներն արդեն կալանավորված են։
«Սասնա ծռեր» կոչվող զինված խմբավորումը հուլիսի 17-ից գրավել էր Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը և երկու շաբաթ պահել այն իր վերահսկողության տակ: Այդ ընթացքում զոհվել է երկու ոստիկան: Հուլիսի 31-ին խումբ վայր դրեց զենքերը և հանձնվեց իշխանություններին:
3 օր առաջ գնդի տարածքը լքած խմբի բոլոր անդամներին ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու ու պատանդ պահելու մեղադրանք է առաջադրվել։ Զինված խմբի մի քանի անդամների պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ փաստաթղթերում փոխված էր միայն մեղադրվողի անունը։
«Գրեթե բովանդակային ոչինչ չէր փոխվել, այսինքն՝ նախ հայտարարությամբ մեղադրյալներ դարձրեցին հայտարարությամբ՝ նման բան գոյություն չունի, հետո նոր մեկ օր անց առանձին-առանձին նույնաբովանդակ մեղադրանքներ: Բայց արդեն նախորդ օրը հայտարարությամբ իշխանության մարմինները մարդկանց մեղադրյալի կարգավիճակում դրեցին: Եվ ես չեմ զարմանում, որ նույն բովանդակությամբ, նույն հոդվածներով բոլորին մեղադրանք են առաջադրել», - նշեց պաշտպանը:
Ուշագրավ է, որ նույն մեղադրանքն է առաջադրվել նաև հուլիսի 26-ին մեքենայով ոստիկանական պատը ճեղքած և «Սասնա ծռերի» անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանին, ով, ըստ պաշտպանի զայրացած էր տեղի ունեցածից։
«Հասկանում ենք՝ սա անհավանականության տեսությունից է․ մենք խնդրում էինք, որ քննիչը պատասխանի՝ կա՞ ապացույց, որ ինքը 17-ին մտել, դուրս է եկել և հետո նորից է մտել: Մոտ երկու ժամ 4 պաշտպաններով մենք ուզում էինք այդ հարցի պատասխանը ստանալ: Քննիչի պատասխանը ուղղակի զավեշտ էր, ասում էր՝ չեմ ցանկանում պատասխանել ձեր հարցին», - պատմում է Պապիկյանը:
Փաստաբանների խոսքով՝ մեղադրանքում որևէ հստակեցում չկա, թե խմբի կազմում ով ինչ դերակատարում է ունեցել, զենք պահել ե՞ն, կրե՞լ, թե փոխադրել, բացի այդ, ով և ինչպես է պահել պատանդների։ Մեղադրանքի հիմքում դրված բժիշկների ցուցմունքները, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանի խոսքով, չեն հստակեցնում, թե այդ գործում, օրինակ, ինչ դերակատարում է ունեցել անձամբ Արայիկ Խանդոյանը։
«Ոչ մի բան այդ մասով չէր ասվում կոնկրետ իմ պաշտպանյալի մասով, որ ինքը դիտավորությամբ նրան պահել է: Վերացական ցուցմունքներ են, որը բավարար չէր իմ պաշտպանյալին կալանավորելու համար», - նշեց Ղարագյոզյանը:
Փաստաբանները պատմում են, որ երեկ տանջալի գիշեր են անցկացրել դատարանում, ժամեր շարունակ դատարանի դահլիճում գտնված «Սասնա ծռերի» վիրավոր անդամների համար մի քանի անգամ շտապօգնություն է եկել, բայց այդ վարույթն իրականացնող մարմինը անբարեխիղճ է վարվել՝ գործերը քննելով գիշերով ու բավարար ժամանակ չտալով պաշտպաններին ծանոթանալու մեղադրանքին։
«Դատարանի միջանցքում՝ ձեռքի տակ չունենալով տեխնիկական միջոցներ, համակարգիչ, տպիչ, գրականություն՝ չունենալով այդ ամենը՝ հանպատրաստից դատական նիստերի էինք մասնակցում», - պատմում է Արայիկ Պապիկյանը, - «Լավ էր՝ մենք խնդրեցինք գոնե որոշակի ժամանակ հետո մեզ սենյակ տրամադրեցին»:
Կիրակի գնդի տարածքը լքած «Սասնա ծռերի» 20 անդամները, և դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում հիմնականում վիրավորված ու հիվանդանոց տեղափոխված 8 անդամները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը։ Ավելի վաղ վիրավորված և գնդի տարածքը լքած զինված խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք կրելու և շենք զավթելու հոդվածներով։
Վիրավորում ստացածներից մինչ օրս «Դատապարտյալների հիվանդանոցում» է գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը, ով իրավապահների գնդակից վիրավորվել էր հուլիսի 26-ին։ Որդու՝ Գարոշ Պետրոսյանի խոսքով, իր հայրը համարում է, որ ոչ թե հանցանք է գործել, այլ օգտակար քայլ արել Հայաստանի համար։
«Իր քայլով մեծ գործա արել, մեծ կայծա տվել նոր ճրագ վառելու ու հայ ժողովրդի այսքան տարիների մութ ու ցուրտ ճանապարհը լուսավորելու համար», - ասում է նա: