Travel.ru կայքը հաղորդում է, որ «Արմենիա» ավիաընկերությունը օգոստոսի 1-ից Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթներ է սկսել՝ առավոտյան՝ Երևանից դեպի Մոսկվա, կեսօրին մոտ՝ Մոսկվայից Երևան:
Այս ուղղությունից բացի, «Արմենիա»-ն երկուշաբթի և հինգշաբթի օրերին թռչում է նաև Մինվոդի:
Ավիափոխադրող ընկերությունը Հայաստանի կառավարությունից արտոնագիրը ստացել է այս տարի՝ առաջին եռամսյակի ընթացքում:
Ավիաընկերությունը ինտերնետային էջ դեռևս չունի:
Travel.ru-ն նշում է, որ սա Հայաստանում սեփական ավիափոխադրող ընկերություն հիմնելու հերթական փորձն է: «Արմավիա»-ի սնանկացումից հետո մի փորձ էլ 2014 թվականին էր արվել, բայց «Էյր Արմենիա» կոչվող ընկերությունը ընդամենը մի քանի ամիս աշխատեց:
"Авиатранспортное обозрение" (ato.ru) պորտալի թղթակիցը հուլիսի վերջերին զրուցել է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանի հետ, ով ասել է, որ հուլիսի 5-ից «Արմենիա»-ն առաջին չարթերային թռիչքն է կատարել դեպի Կիպրոս, իսկ հուլիսի 18-ից՝ կանոնավոր չվերթներ Մինվոդի:
Փոխտնօրենի խոսքով՝ ավիաընկերության տրամադրության տակ երեք օդանավ կա՝ երկու Boeing և մեկ Bombardier փոքր օդանավ:
Ռուսական կայքը բաց աղբյուրներով, բաց տվյալներով ճշտել է, որ Boeing-ներից մեկը 2008 թվականի արտադրության է, նախկինում շահագործվել է կանադական WestJet ընկերության կողմից, երկրորդը 1996 թվականի արտադրության է, նախկինում շահագործվել է վրացական Georgian Airways ընկերության կողմից, և ըստ հայկական մամուլի՝ «Արմենիա» ընկերության սեփականատերերը վրացական այդ ավիաընկերության ղեկավար մենեջերներն են:
«Ազատություն» ռադիոկայանը մարտին հաղորդել էր, որ նորաստեղծ ընկերության՝ «Արմենիա»-ի գլխավոր բաժնետերը հայաստանցի Աշոտ Թորոսյանն է, ով տեսախցիկների առջև չի ցանկացել խոսել, բայց ներկայացել է որպես նախկին ատամնաբույժ: