Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը այսօր հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են վերջին օրերի զարգացումները` դատապարտելով ուժի կիրառումն ու բռնությունը, ընդգծելով, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Տեսակետներ են փոխանակվել մարդու իրավունքների ոտնահարումների, հավաքների, արտահայտման ազատության և ատելության հրահրման վերաբերյալ:
Բարձրացվել է ոստիկանության կողմից չափից ավելի ուժի կիրառման և զանգվածային ձերբակալությունների, այդ թվում՝ ենթադրյալ բոլոր խախտումների վերաբերյալ արդյունավետ և թափանցիկ քննության անհրաժեշտության հարցը:
Թաթոյանը ներկայացրել է մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի անդամների գործունեությունը, այցելությունները կալանքի տակ գտնվող անձանց և անհատական գործերին հետևելը: Նա տեղեկացրել է, որ իր գրասենյակը փաստաթղթեր է ներկայացրել գլխավոր դատախազին ենթադրյալ խախտումների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր հարուցելու հետ կապված: