Օմբուդսմենն այցելել է Պավել և Արամ Մանուկյաններին

Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավված տարածքում զրուցում է լրագրողների հետ, 23-ը հուլիսի, 2016թ․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։

Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։

Օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։

Նույն աղբյուրից տեղեկացնում են նաև, որ շարունակվում են օմբուդսմենի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրաված և այն երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո իշխանություններին հանձնված զինված խմբի մյուս անդամներին։