Հայաստանի ոստիկանությունը հուլիսի 29-ին չափազանց մեծ և անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ վնասվածքներ հասցնելով նաև հանրահավաքը լուսաբանող լրագրողներին, փաստել է Human Rights Watch-ի այսօր հրապարակած զեկույցը՝ կոչ անելով արագ քննել ոստիկանության այդ հարձակումներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
«Հասարակական կարգը պահպանելու պարտականություն ունենալով՝ ոստիկանությունը չունի քարտ բլանշ՝ իրենց կարծիքն արտահայտող խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու», - հայտարարել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Գիորգի Գոգիան:
Human Rights Watch-ը զրուցել է ոստիկանության բռնություններից հետո հիվանդանոցներ տեղափոխված ցուցարարների ու լրագրողների հետ, մեկը պատմել է՝ նոր էր միացել ցույցին, երբ լուսաձայնային նռնակը պայթել է ոտքերի մոտ, և մինչ փորձել է դուրս պրծնել՝ անդրավարտիքն այրվել է, ոտքերը պատվել են արյամբ, առաջին և երկրորդ կարգի այրվածքներ է ստացել: «Բժիշկները հինգ բեկոր են հանել նրա ոտքերից, 30-ամյա երիտասարդը չէր կարողանում նորմալ քայլել, երբ մենք այցելեցինք», - արձանագրել է միջազգային կազմակերպությունը: Բժիշկներից մեկն էլ Human Rights Watch-ին պատմել է աչքը կորցրած պատանու մասին ու նշել, որ այրվածքներով 20-25 տուժած է իրենց մոտ տեղափոխվել:
Հեղինակավոր կազմակերպությունը փաստում է՝ ըստ իրավապահների, ցուցարարներն այդ օրը փորձել են անցնել ոստիկանական պատնեշը, և դա է ստիպել իրենց ուժի դիմել: Ականատեսները, սակայն, հերքել են այդ պնդումները, նշում է Human Rights Watch-ը, ընդգծելով՝ դա հավաստում են նաև այդ օրը կատարված տեսագրությունները:
Նյու Յորքում գործող կազմակերպությունը առանձնահատուկ քննադատել է հատուկ միջոցների գործադրումը՝ փաստելով. - «Անվտանգության ուժերը չպետք է լուսաձայնային նռնակներ նետեին ամբոխի ուղղությամբ․ թեև դրանք մահաբեր չեն, բայց դրանց մասնիկները կարող են լուրջ վնասվածքներ հասցնել ու այրվածքների պատճառ դառնալ»:
Նշվում է նաև քաղաքացիական հագուստով անձանց դերակատարության մասին, որոնք «հատուկ միջոցների կիրառումից հետո բռունցքներով, մահակներով ու հայհոյանքներ տեղալով հարձակվել են ոչ միայն ցուցարարների, այլև լրագրողների վրա՝ վնասելով կամ խլելով նրանց տեխնիկան»:
«Իշխանությունները պարտավոր են հարգել մարդու հիմնարար իրավունքները թե՛ ապօրինի, թե՛ օրինական հավաքները ցրելիս՝ ձգտելով նվազագույնի հասցնել վնասներն ու վնասվածքները: Ֆիզիկական բռնությունները, այդ թվում՝ անզեն ցուցարարներին բռունցքներով, ոտքերով ու մահակներով հարվածներ հասցնելը, երբեք չեն կարող լինել օրինաչափ և խախտում են անմարդկային վերաբերմունքի ու կտտանքների արգելքը», - հայտարարում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Անդրադառնալով Սարի թաղում տեղի ունեցածը քննելու՝ իրավապահ մարմինների խոստումներին, Human Rights Watch-ը նշում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ քննությունը լինի մանրազնին, ամբողջական, և որ դրա արդյունքում պատժվեն բոլոր պատասխանատուները, այդ թվում՝ հրաման տվողները: «Իշխանությունները նաև պետք է պարզաբանումներ տան օգտագործված հատուկ միջոցների և ոստիկանության գործողություններում քաղաքացիական անձանց մասնակցության վերաբերյալ», - հայտարարում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել ու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանեցնել օրենսդրությունն ու ուղեցույցները՝ ուժի գործադրման վերաբերյալ:
Ոստիկանական վերջին բռնությունները դատապարտող հայտարարություն է տարածել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: «Իրենց տեսախցիկներով ցուցարարներից ակնհայտ առանձնացող լրագրողները միտումնավոր հարձակման թիրախ են դարձել», - հայտարարել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի հարցերով պատասխանատու Յոհան Բիհրը, ընդգծելով՝ լրագրողներից ոմանց նկատմամբ բռնությունները չեն դադարել անգամ այն բանից հետո, երբ նրանք խոստացել են անջատել տեսախցիկը:
«Նման վարքագիծն անընդունելի է և չպետք է կրկնվի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների անպատժելիությանը», - հայտարարել է Փարիզում գործող իրավապաշտպան կազմակերպությունը: