Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, «Նոր Հայաստան»-ից Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը` երկու ամիս ժամանակով, «Ազատության»-ը փոխանցեց Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
Երեկ նրանց մեղադրանք էր առաջադրվել՝ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
«Ակնհայտ ապօրինի ու անհիմն որոշումը բողոքարկվելու է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ շարունակելով. - «Դատական համակարգի բարեփոխման առասպելը չի դիմանում առաջին իսկ քննությանը»։