Իրավապաշտպան. «Սասնա ծռեր»-ը պետք է փորձի դատավարությունը վերածել քաղաքական գործընթացի

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ գրավված պահելուց հետ կիրակի օրը զենքերը վայր դրած և հանձնված «Սասնա ծռեր» զինված խումբը, դատելով իր հայտարարություններից, պետք է փորձի դատավարությունը վերածել քաղաքական գործընթացի: «Ազատության» հետ զրույցում երկուշաբթի օրը նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ընդ որում, նրա խոսքով, «Սասնա ծռեր»-ի դեպքում հոդվածները և դրանց քանակն այնքան էլ կարևոր չեն․ - «Նրանց հաստատ մեղսագրվելու են մի շարք հոդվածներ։ Մեկը, երկուսը կամ երեքը չեն լինելու, այդ թվում՝ կարող է լինել կամ չլինել տեռորիզմը։ Բայց քանի որ նրանք ի սկզբանե արդեն հայտարարել են, որ իրենց գործողությունները քաղաքական են, իրենց դիտարկում են նաև որպես ռազմագերի, ապա նրանց համար դատավարության ընթացքում, նախաքննության ընթացքում հոդվածների քանակը և որակները նշանակություն չեն ունենալու։ Նրանք պետք է փորձեն, արդեն դատելով իրենց արած հայտարարություններից, դատավարությունը վերածել քաղաքական գործընթացի, քաղաքական պրոցեսների։ Դրանով են նրանք զբաղվելու»։

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով զինված խմբի անդամների ձերբակալությանը, ասել է, որ առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն: «Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով», - հավաստիացրել է նախագահը:

Հարցին, թե ինչո՞ւ նախագահը խոսեց անձնական վրեժխնդրությունից, հնարավո՞ր էր, որ նրանց հանդեպ կիրառվեր անձնական վրեժխնդրություն, հանրության շրջանում կարո՞ղ էր լինել նման մտավախություն, Հարությունյանը պատասխանեց․ - «Ինքը նախապես փորձում է հերքել այն, ինչը որ տարածված է հանրության մեջ՝ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, և Հայաստանում, քաղաքական հատկապես դատավարությունների ընթացքում, քաղաքական գործերի ժամանակ, իշխանություններն առաջնորդվում են վրեժխնդրությամբ: Եվ նախագահը նախապես փորձում է հերքել, այդ մասին խոսակցությունները փակել, բայց փակվել չեն կարող մեկ ելույթով, նրանք կարող են փակվել միայն փորձով: Երբ որ մենք մեր օրերի ընթացքում, մեր կյանքում կտեսնենք արդար դատավարությունների օրինակներ, այդ ժամանակ կարելի կլինի ասել, որ անձնական վրեժխնդրությունը և ընդհանրապես վրեժխնդրությունը բացառվում է արդարադատության համակարգից, և արդարադատությունը կայացվում է միայն օրենքի շրջանակներում և օրենքին համահունչ»։

Դիտարկմանը, թե նախագահը երեկ իր ելույթում նաև շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի համար, իրավապաշտպան այսպես արձագանքեց. - «Ես չգիտեմ պաշտոնանկություններ կլինեն, թե չեն լինի՝ որևէ մեկը, բացի Սերժ Սարգսյանից, ասել չի կարող, ինքն ունի իր ծրագրերը, ինքը երևի իր ծրագրերով էլ առաջնորդվելու է, բայց եթե նա այսօր շնորհակալություն է հայտնում ոստիկանությանը, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացների մեջ, հատկապես ես առանձին ուզում եմ շեշտել ոստիկանությանը, ապա մոռանալով այն իրողությունը, որ տեղի ունեցավ ոստիկանություն-ժողովուրդ բախումը, մոռանալով կամ չշեշտելով այդ բախումը կամ ընդհանրապես հանելով համատեքստից, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև երբ որ խոսք է գնում հուլիսի 17-ից սկսած զարգացումների մասին, բոլոր դեպքերում, երբ ոստիկանությունն օգտագործվել է որպես մահակ ժողովրդի դեմ, խաղաղ ցուցարարների դեմ, և ոստիկանները կատարել են դատապարտելի գործողություններ, և չխոսել դրանց մասին, այլ միայն նրանց շնորհակալություն հայտնել զինված խմբի վնասազերծման աշխատանքների հետ կապված՝ այնքան էլ ճիշտ չէ, կարծում եմ»։

Հարությունյանը նշեց, որ նախագահի ելույթից իր համար մեկ դրական շեշտադրում է առանձնացրել։ «Սերժ Սարգսյանի ելույթում ես մի շեշտադրում միայն ինձ համար առանձնացրեցի որպես դրական շեշտադրում, դա այն էր, որ ասում էր՝ Հայաստանը Լիբանան չի, Հայաստանը Սիրիա չի, և մենք չենք կարող թույլ տալ մեզ, մեր երկրում քաղաքացիական պատերազմ։ Ես հաստատ համոզված եմ, որ դա ճիշտ շեշտադրում է և այդ շեշտադրման համար կարելի է ծափահարել, բայց կարելի է նաև շարունակել, որ Հայաստանը նաև Հյուսիսային Կորեա չէ, Հայաստանը Ուզբեկստան չէ և Հայաստանը 70-ական, 80-ական թվականների Չիլի չէ, որտեղ մարդկանց կարելի է խմբերով մարդաորս կազմակերպել, Հայաստանը 20-րդ դարի 30-ական թվականների Սովետական Միություն չէ, որտեղ մարդկանց կարելի է լցնել բանտերը և կալանավայրերը», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Այսինքն, եթե ասում ենք մի բանը, որ Հայաստանում չի կարելի քաղաքացիական պատերազմ, նաև Հայաստանում չի կարելի անել այն, ինչ որ անում են այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ, Հայաստանում չի կարելի անել այն, ինչ անում են ընդդիմադիրների նկատմամբ՝ հալածանքներ, ծեծ, ջարդ, կալանավորումներ»։