ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր նամակով դիմել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, նշելով, որ «իշխանությունները պետք է գործնական քայլեր կատարեն, որպեսզի ստիպեն իրավապահ համակարգի ներկայացուցիչներին զսպվածություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ և առաջարկել է քայլեր ձեռնարկել, որպեսզի երաշխավորվի մամուլի պաշտպանվածությունը ոստիկանությունից և հանցագործ տարրերից»:
«Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին կամ մամուլի ներկայացուցիչներին», - ընդգծել է Միյատովիչը:
Նա նաև հրապարակել է հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարներին ուժով ցրելիս ոստիկանության և մետաղե ձողերով քաղաքացիական անձանց հարձակումներից տուժած լրագրողների և մամուլի ներկայացուցիչների ցուցակը, հրապարակել է ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը լուսաբանելիս ավելի վաղ տեղի ունեցած միջադեպերում տուժած լրագրողների ցուցակը՝ հղում տալով հուլիսի 21-ին հայկական լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությանը: